«Mercedes»-ի և քարով բարձված «ԶԻԼ»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասավ երեքի
Հասարակություն
23:04 14/10/2025
Հայաստան

«Mercedes»-ի և քարով բարձված «ԶԻԼ»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասավ երեքի

Օրեր առաջ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 18-ամյա Նորայր Գյուլնազարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին՝ Արագածոտնի մարզում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին բախվելու հետևանքով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր: 

 Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում:  Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված էր եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էին:  Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Mercedes»-ի և քարով բարձված «ԶԻԼ»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասավ երեքի