Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետք է անենք մեզանից կախվածը ՏԻՄ-երում ՔՊ-ին իշխանազրկելու համար. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ունենալու է 8-րդ համարը։ Կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն լավ թիվ է, խորհրդանշում է հավերժությունը, նոր կյանքը՝ ըստ քրիստոնեական խորհրդաբանության։
«Աստված վեց օրում ստեղծեց երկինքը, երկիրը և մնացածը։ 7-րդ օրը հանգստացավ, 8-րդ օրը սկսեց նոր կյանքը։ Կարծում եմ, սա խորհրդանշում է Վաղարշապատում իշխանափոխությունը, «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը։ «Հայրենիք» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցելում է հաղթելու օրակարգով, Վաղարշապատում նոր իշխանություն ձևավորելու օրակարագով՝ բնականաբար, բացառելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ քաղաքական իմաստով որևէ համագործակցություն»,-ԿԸՀ արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է հրապարակախոս, գրող, արցախյան 44-օրյա պատերազմում որդուն՝ Վաչագանին կորցրած Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը։
«Շատ դրական մարդ, մեծ կենսափորձով, բարձր մարդկային ու բարոյական արժեքներով, Էջմիածնում հանրության տարբեր շերտերի կողմից շատ հարգված մարդ է, և մենք հպարտ ենք, որ ցուցակի առաջին համարում հենց նման մարդ ունենք։ Նրա գլխավորությամբ թիմն անելու է ամեն բան, որպեսզի արժանանա Վաղարշապատ համայնքի բնակիչների վստահությանը»,-ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին՝ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ այս պահին հստակ որևէ բան ասել չի կարող։
««Հայրենիք» կուսակցությունը մշտապես հանդես է եկել այն դիրքերից, որ պետք է անենք մեզանից կախվածը «Քաղաքացիական պայմանագրին» ՏԻՄ ընտրություններում իշխանազրկելու համար։ Կգա ժամանակը, արդյունքները կամփոփվեն, քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն։ Մեծ հույս ունենք, որ դրա արդյունքում Էջմիածին համայնքում կդադարի իշխանություն լինել «Քաղաքացիական պայմանագիրը»»,-ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն ասաց՝ անելու են ամեն հնարավորը, որպեսզի Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ թիմը հավաքի հնարավորինս մեծ թվով ձայներ՝ հնարավորություն տալով իրենց ուժին միայնակ ձևավորել իշխանություն։
«Բայց կանխորոշել հստակ, թե ինչպես կձևավորեն Վաղարշապատի բնակիչները քվեարկության տոկոսները, դժվար է։ Ամեն դեպքում Խաչիկ Մանուկյանն այն կերպարն է, որ Վաղարշապատի յուրաքանչյուր բնակիչ կուզենա նրան տեսնել որպես իր համայնքի ղեկավար՝ և խոսքի, և կեցվածքի, և կառավարման հմտությունների, և մարդկային արժեքների առումով։ Իր շանսերն այս առումով գնահատում եմ շատ բարձր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։