Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայրենիքը» Վաղարշապատում քարոզարշավի մեկնարկը կտա քաղաքացիների հետ հանդիպումով
«Ի գիտություն Վաղարշապատ համայնքի բնակիչների և զանգվածային լրատվության միջոցների՝ հայտնում ենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13:45-ին, Արմավիրի մարզի «Նոր Դվին» համալիրի փոքր դահլիճում կտրվի «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը»,-տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը։
Կուսակցությունից նաև հայտնում են, որ հանդիպմանը ներկա կլինեն «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը, Վաղարշապատի համայնքապետի թեկնածու` Խաչիկ Մանուկյանը, ավագանու անդամի թեկնածուներ, կուսակցականներ, հյուրեր և աջակիցներ:
«Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ, ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Սոս Հակոբյանն օրեր առաջ հայտարարեց, որ անելու են իրենցից կախված ամեն բան, որպեսզի Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ թիմը հավաքի հնարավորինս մեծ թվով ձայներ՝ հնարավորություն տալով իրենց ուժին միայնակ ձևավորել իշխանություն։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։
Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է մոտ երկու տասնյակ ԶԼՄ։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է մեկ տեղական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։