Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարգալույծ հոգևորականի կատարած ծեսն անվավեր է». Այսօր պսակադրության արարողության մասնակիցներն հրաժարվեցին կարգալույծ քահանայի ծառայությունից
«Եթե կարգալույծ եղած հոգևորականը կատարում է որևէ խորհուրդ, անվավեր է։ Ինքն իրավունք չունի որևէ եկեղեցական ծես, արարողություն կատարել»,- Panorama.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Մայր Աթոռի տեղեկատավական համակարգի կողմից տարածված այս հայտարարությունից հետո էլ կարգալույծ քահանան Հովհաննավանքում մկրտության արարողություն էր կատարել։
Panorama.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք այդ անձը համարվում է մկրտված, հաշվի առնելով, որ նրան կարգալույծ քահանան է մկրտել, Տեր Եսային ասաց. «Իհարկե, չի համարվում մկրտված, այդ մկրտությունն անվավեր է»։
Ի դեպ, նշենք, որ այսօր էլ կարգալույծ քահանան պատրաստվում էր պսակադրության արարողություն կատարել Հովհաննավանքում։
Հարցին՝ փաստորեն, դեռևս կարողանում է կրել հոգևորականի զգեստ ու մտնել եկեղեցի, կատարել որևէ արարողություն, Տեր Եսային ասաց. «Փաստորեն, այս պահին, այո»։ Իսկ թե ո՞վ պետք է արգելի, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն ասաց. «Այդ հարցը, հուսանք, կկարգավորվի»։
Նշենք, որ լրագրող Սյուզի Բադոյանն, ով այժմ Հովհաննավանքում է, հայտնում է, որ փեսայի հայրը հրաժարվել է կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից և Տեր Սարգիսն է իրականացրել արարողությունը։