Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում կազմակերպվող գիտաժողովը կարևոր իրադարձություն է հայկական, նաև տարածաշրջանային արվեստագիտության զարգացման գործում
Հոկտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծի շրջանակներում կազմակերպվող «Իմպրեսիոնիզմներ. Պատմություններ լուսանցքներից» միջազգային գիտաժողովը: Պաշտոնական բացումը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 10:30: Գիտաժողովի բացմանը կնախորդի «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսի բացումը:
«Գիտաժողովը կարևոր իրադարձություն է ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային արվեստագիտության և թանգարանագիտության զարգացման գործում։ Միջոցառմանը կմասնակցի շուրջ 20 առաջատար մասնագետ Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի թանգարաններից ու գիտական հաստատություններից՝ ստեղծելով գիտական փոխանակման և համագործակցության յուրահատուկ միջավայր։
Նշենք, որ 2022 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին։ Համագործակցության արդյունքում 2025 թ․ Բարբիզոնում բացվեց «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» լայնածավալ ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ Ֆրանսիայում միևնույն հարթակում ներկայացվեցին Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այլ անվանի արվեստագետների 70-ից ավելի առանցքային ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից՝ նպաստելով հայկական մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը։
Ամփոփելով իրականացված լայնածավալ միջազգային նախաձեռնությունը՝ գիտաժողովը ամրապնդում է Հայաստանի դերը եվրոպական մշակութային երկխոսության շրջանակում՝ բացելով նոր հորիզոններ հետագա համատեղ ծրագրերի և գիտական հետազոտությունների համար»,- նշում են Հայաստանի Ազգային պատկերասրահից։