Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել
Իրավունք
17:31 28/10/2025
Տարածաշրջան

Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախահայերի Հայաստան բռնի տեղահանման ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները կալանավորեցին հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին։ Նա ու այլ հայ բանտարկյալներ շարունակում են պահվել Բաքվի բանտում՝ կեղծ մեղադրանքներով։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած այսպես կոչված դատական ​​նիստում Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ։ Ավելին, Ռուբեն Վարդանյանի համար նոր փաստաբան է նշանակվել։

Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը փաստաբանների պալատի անդամ Էմիլ Բաբիշովն է։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վարդանյանը չի առարկել, դատավարության մյուս մասնակիցները նույնպես հայտարարել են, որ պաշտպանի վերաբերյալ առարկություններ չունեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով։

«Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,-նշել էր նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել