Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք, վստահ եմ, թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա.ՀՀ Ֆինանսների նախարար
Հասարակություն
11:59 28/10/2025
Հայաստան

Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք, վստահ եմ, թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա.ՀՀ Ֆինանսների նախարար

«Խոստացել էիք, որ 2026թ-ին միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղին հավասար, նվազագույն կենսաթոշակն էլ պետք է լիներ պարենային զամբյուղին հավասար, նվազագույն աշխատավարձն էլ պետք է սահմանեիք 85 հազար դրամ»,-ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին  դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը նշեց, որ 2026 թվականը ՔՊ-ի 2021-16 թթ. 5-ամյա ծրագրի ամփոփիչ տարին է և այդ խոստումները չեն կատարվում։

Ավետիսյանն ասաց, որ հետվճարներով ներկայում միջին կենսաթոշակի չափը՝ 50 հազար դրամը, կարող էր բարձրանալ մինչև 55 հազար դրամը, բայց նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 82 հազար դրամ է։

Նշելով, որ հարցը շատ պարզ է, քանի որ իրավիճակն էլ է պարզ՝ Ավետիսյանը նշեց. «Ձեր խոստումը չեք կատարել, քանի որ ի սկզբանե ձեր խոստումը պոպուլիստակա՞ն էր և դա մոտ 7-8 հարյուր  հազար քաղաքացու քվեն ստանա՞լն էր, թե՞ տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, իրական չեն, նկարված են, հետևաբար հնարավոր չէ նաև այդ սոցիալական խոստումը կատարել»։

Վահե Հովհաննիսյանը նշեց, թե 2021-26 թվականներին ամենամեծ աճը տեղի է ունեցել սոցիալական ոլորտում։

Նախարարն ասաց, թե խոստացել էին, որ կառավարության պարտքը 60%-ից ներքև բերել և այն արդեն 50%-ից ներքև է։

«Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք և հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան, որը պետք է որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայրում, դա կլիներ սխալ քաղաքականություն և այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ կենսաթոշակն ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ»,-ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Արձանագրելով, որ կառավարությունն ապահովել է խոստացածա տնտեսական աճը, ասֆալտ էլ է անում՝ Ավետիսյանը արձագանքեց. «Պարզ բան եմ հարցնում, թոշակառուն և աշխատող աղքատը, ասում են. «Բա ինձ ինչո՞ւ մոռացաք, բա ես էլ պետք է հիմա ստանայի նվազագույն պարենային զամբյուղի չափով կենսաթոշակ, ինչո՞ւ չեմ ստանում»։

 Շեշտելով, որ աշխատող աղքատը նորից մնաց աղքատ՝ Ավետիսյանն ասաց. «Ասֆալտ եք անում, պետական ծառայողի աշխատավարձն էլ եք բարձրացնում, շատ ավելի լավ, բայց էդ չի նշանակում, որ մեր հանրության շուրջ 40%-ին՝ ամենաանապահով խավին տված ձեր խոստումը պետք է չկատարեք և գաք այստեղ բարդ տերմինալոգիայով փորձեք բացատրել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder