Երեքամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են. ՆԳՆ խոսնակ
Իրավունք
08:59 28/10/2025
Հայաստան

Երեքամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են. ՆԳՆ խոսնակ

Երեկվանից անհետ կորած երեքամյա Տիգրան Օգանեսովի որոնողական աշխատանքներն այս պահին էլ ինտենսիվ կերպով շարունակվում են։ Panorama.am-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ աշխատանքներում ներգրավված են ոստիկանական ու փրկարարական մեծաթիվ ուժեր։

Երեկվանից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում ու հարակից անտառներում փրկարարները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները որոնում են 3-ամյա  Տիգրան Օվանեսովին։ Shamshyan.com-ը հայտնում է, որ որոնողական աշխատանքներին միացել են  նաև Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով և Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ՝ այդ թվում Երևանից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder