Ոսկու համաշխարհային գների կրկնակի բարձրացումն ավելի շատ կանդրադառնա հարսանիք գնալ ցանկացողների վրա. Աղասի Թավադյան
Հասարակություն
16:15 31/10/2025
Հայաստան

Ոսկու համաշխարհային գների կրկնակի բարձրացումն ավելի շատ կանդրադառնա հարսանիք գնալ ցանկացողների վրա. Աղասի Թավադյան

Հայաստանում 999.9 հարգի ոսկին գնվում է 127.9 դոլարով, մոտ 48.8 հազար դրամով, իսկ 585 հարգի ոսկին՝ 28 հազար դրամով։ Ոսկու ֆյուչերսների սպոտ գները համաշխարհային բորսաներում այսօր բարձրացել են ևս 2%-ով։ Ոսկու գները տարեկան աճել են մոտ 53%-ով՝ հոկտեմբերի վերջին հասնելով բոլոր ժամանակների ամենաբարձր՝ 4,381.21 դոլարի մեկ ունցիայի համար։ Ինչով են պայմանավորված ոսկու գների նման կտրուկ բարձրացումը և այն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանին։

Ա. Թավադյան-Երբ համաշխարհային անորոշությունն մեծանում է՝ այդ ընթացքում ներդրողները հստակ չգիտեն, թե որտեղ ներդրում կատարեն, որ բարձր եկամտաբերություն ունենան և այդ դեպքում հիմնականում կատարում են ոսկու մեջ։ Այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակը շատ անորոշ է։ ԱՄՆ-ը որպես համաշխարհային հեգեմոն իր տեղը զիջում է Չինաստանին և այս ընթացքում առաջին հերթին ոսկու հանդեպ արժեզրկվել է դոլարը։ Պետք է հասկանալ ներկա իրավիճակը, օրինակ, Չինաստանը, որը 5 տարի առաջ ԱՄՆ պարտատոմսերի ամենամեծ բաժնետրեն էր, այս պահին ավելի շատ ոսկի ունի քան բաժնետոմսեր։

Պատմության մեջ միշտ այս երևույթը կա, երբ անորոշության վիճակը մեծանում է և մի համաշխարհային հեգեմոն իր տեղը զիջում է մյուսին, ոսկու գները միշտ աճում են։ Ոսկու գների այս աճը, որ մենք ունենք, դեռ սկիզբն է և, ամենայն հավանականությամբ, այն դեռ շարունակվելու է։

Panorama.am-Ինչպե՞ս այն կազդի Հայաստանի տնտեսության վար։

Ա. Թավադյան-Հայաստանի տնտեսության մեջ ավելի շատ զարգացած է ֆինանսական շուկան, քան արդյունաբերությունը, որը հանգեցնում է նրան, որ մենք մեծ կախվածություն ունենք համաշխարհային շուկաներից, և համաշխարհային շուկայական շոկերից։ Հետևաբար, եթե աշխարհում ինչ-որ շոկ լինի, այն առաջին հերթին անդրադառնալու է ՀՀ տնտեսության վրա։ Բայց ոսկու տեսանկյունից Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը սահմանափակ է, որովհետև  ԿԲ-ը վաճառել է մեր ոսկու պաշարները։ Մենք ոսկու պաշար չունենք, և, միգուցե, հիմա լավ ժամանակն է մտածել ոսկու պաշարները վերականգնելու մասին։ Ինչ վերաբերում է ոսկու վերաարտահանմանը, երբ Հայաստանը 2022 թ. կեսերից 2024 թ. կեսերը զգալի մաս ուներ, ապա այդ տեսանկյունից էլ ազդեցությունը մինիմալ է, որովհետև այդ ազդեցության ալիքը եկավ-գնաց։

Panorama.am -Շարքային քաղաքացին կզգա՞ ոսկու գնի կրկնակի աճի ազդեցությունը։

Ա. Թավադյան-Շարքային քաղաքացու վրա ազդեցությունը բացասական է, քանի որ ոսկով չափված բոլորիս եկամտաբերությունն ավելի է կրճատվել։ Սա պետք է հաշվի առնել։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունը բերեց հանգեցրեց նրան, որ ԱՄՆ դոլարը ինչպես նաև այլ արժույթները, ոսկու համեմատ արագորեն արժեզրկվեցին։ Պատկերաոր ասած՝ այս ամենն ավելի շատ անդրադառնալու է ոչ թե բոլոր քաղաքացիների վրա, այլ էն մարդկանց վրա, ովքեր ցանկանում են հարսանիք գնալ, որովհետև, եթե ոսկու զարդեղեն գնելու ցանկություն կա, ապա այն երկու անգամ ավելի թանկ է լինելու, քան նախկինում։ Իսկ ընդհանուր առմամբ տնտեսության վրա մեծ ազդեցություն չի ունենա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոսկու համաշխարհային գների կրկնակի բարձրացումն ավելի շատ կանդրադառնա հարսանիք գնալ ցանկացողների վրա. Աղասի Թավադյան