ՈւՂԻՂ. «ՀայաՔվեն» դատախազությանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում Հովհաննավանքում ապօրինի ծես կազմակերպելու և դրանում Փաշինյանի մասնակցության ենթադրյալ հանցադրվագների մասին
Իրավունք
12:29 31/10/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. «ՀայաՔվեն» դատախազությանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում Հովհաննավանքում ապօրինի ծես կազմակերպելու և դրանում Փաշինյանի մասնակցության ենթադրյալ հանցադրվագների մասին

«ՀայաՔվե» միավորումը գլխավոր դատախազությանը հանցանքի մասին հաղորդում է  ներկայացնում հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում ապօրինի ծես կազմակերպելու և դրանում Նիկոլ Փաշինյանի մասնակցության ենթադրյալ հանցադրվագների մասին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել էր,  որ Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Այդ հայտարարությունից հետո արդեն կարգալույծ քահանան հայտարարել էր՝ հոկտեմբերի 26-ին  պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքը։  Այս հայտարարությանը հաջորդել էր Նիկոլ  Փաշինյանի հայտարարությունը՝ «Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»։

Կիրակի օրը կարգալույծ քահանան մատուցեց «պատարագ», որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչներ, ՔՊ խմբակցության պատգամավորներ։ Այդ օրը Հովհաննավանքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին տարվել։

Նախօրեին Մայր Աթոռը հայտարարություն տարածեց Հովհաննավնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. 

«Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։

Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder