Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ. Սուրենյանց
Քաղաքական
09:15 01/11/2025
Հայաստան

Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ. Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․  «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահառմամբ, առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։ 

«Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.  «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։ 

Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։ Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։ 

Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝ 

1. հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը, 

2. դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։ 

Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։ 

Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։ 

Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։ 

Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։ 

Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ. Սուրենյանց