Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն. Տիգրան Հակոբյանը՝ «Շողակաթ» ՀԸ մասին
Հասարակություն
14:38 04/11/2025
Հայաստան

Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն. Տիգրան Հակոբյանը՝ «Շողակաթ» ՀԸ մասին

«Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին, որի հեղինակներ  ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկել են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։

Տ. Հակոբյանը  նշեց, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր էր, այն կրթական-մշակութային էր:

«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- ասաց Հակոբյանը:

Ըստ նրա, հասարակությունը, մամուլը խառնվում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ այդ թնջուկը լուծում է ստանում՝ ճիշտ թե սխալ:

«Կարծում եմ՝ եթե «Շողակաթը կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի: Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և Աստծո առաքելությունից խոսել, և ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը։ Վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» ռեյտինգները կամաց-կամաց  ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի։

Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, գրեթե լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար։

Այն բովանդակությունը, որ պարտավոր էր ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է, չէր ապահովում, բայց կրկնում եմ՝ մենք այստեղ գործառույթ չունենք, դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով»,- ասաց Տ.Հակոբյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն. Տիգրան Հակոբյանը՝ «Շողակաթ» ՀԸ մասին