Պետական միջոցներից 8.4 մլրդ դրամն ուղղվեց Հյուսիս-հարավի Տրանշ 4-ին
Տնտեսություն
17:02 06/11/2025
Հայաստան

Պետական միջոցներից 8.4 մլրդ դրամն ուղղվեց Հյուսիս-հարավի Տրանշ 4-ին

«Որոշմամբ նախատեսվում է կառավարության միջոցներից 8.43 մլրդ մլրդ դրամի վերաբաշխում կատարել, որից 8.4 մլրդ դրամը նախատեսվում է ուղղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Արմեն Սիմոնյանը

Փոխնախարարը զեկուցեց, որ 22 մլն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում ազդակիր հողամասերի տեղազննման գնահատման, մանրամասն չափագրման հետազոտության և գույքագրման, 8,7 մլն դրամ՝ Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե Հյուսիս-հարավ նախագծում շինարարությունն արագ տեմպերով ընթանում է՝ իրանական ընկերության կողմից:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց. «Երևան-Գյումրիի առումով ունենք 2 հատված, որտեղ դեռ աշխատանքներ են տարվում՝ 34 կմ և 8 կմ  ճանապարհահատվածներում: Երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ինչ վերաբերում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին, ապա 32 կմ հատվածում աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի: Տարեվերջին կունենանք 70 մլն դոլարի չափով կատարված աշխատանքներ»:

Նա նշեց, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան հատվածում, 2 ճանապարհահատվածի ֆինանսավորման պայմանագրերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքվել են, մինչև տարեվերջ կհայտարարվեն կառուցման աշխատանքների մրցույթները:

«Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածը միանալու է այս 32 կմ ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ: Մինչև տարեվերջ կունենանք ընտրված կառուցող, որը 2026 թ. աշխատանքներ կիրականացնի»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder