Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Դատախազություն
Նոյեմբերի 5-ին դատախազը Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:
ՔՕ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ. Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանն էր հայտնել, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Նա մասնավորապես գրել էր. «Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն: Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:
Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք զուտ որպես պատրվակ, առիթ, որպեսզի այդ հիմքով արգելեն մեկնել Հայաստանից։ Նա մանրամասնել էր, որ Սերժ Սարգսյանին արգելել են մեկնել Հայաստանից՝ մաhաgած գործարար Միքայիլ Բաղդասարովի՝ 6 տարի առաջ սխալ թարգմանված ցուցմունքների հիման վրա։