Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊԵԿ նախկին նախագահի խափանման միջոցը փոխվել է, պաշտպանները կբողոքարկեն դատարանի որոշումը
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքի ժամկետը չի երկարացվել, բայց Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարան միջնորդություն էր ներկայացվել Վ.Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգել 2 ամսով այն հիմքով, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Այդ միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ կիրառվել է տնային կալանք 2 ամիս ժամկետով։
Փաստաբանը հայտնեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի այդ որոշումը, որովհետև այս գործով հիմնավոր կասկածը բացակայում է, բացի այդ էլ՝ կարող էր կիրառվել ավելի մեղմ խափանման միջոց։
Անդրիկյանն ասաց, որ այսօր մինչև ժամը 19․00-ն դեռ կալանքը պահպանվելու է, այնուհետև Վարդան Հարությունյանը կտեղափոխվի տուն՝ տնային կալանքի։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից։ Նրա կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր հոկտեմբերի 7-ին։
Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։ Ըստ պաշտպանների, աույն քրեական վարույթն աննախադեպ է այնքանով, որ իրավապահ մարմինները փաստացի փորձում են «վերակենդանացնեն» գործ՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա, առանց անձի առնչության որևէ տվյալի։