Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա է իրականությունը և սա իրավահաջորդ լինելու անժխտելի փաստարկ է. Միլիտոնյանն ընդդիմացել է դատախազությանը
Վարչական դատարանում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության Սևանի ստեղծագործական տան ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վերաբերյալ դատական նիստը: Նիստը նախագահել է վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը:
Նիստին ներկա են եղել գրողներ, նկարիչներ և ընթերցողներ, սակայն դատավարության սենյակի փոքրության պատճառով միայն մի քանի հոգի են կարողացել մասնակցել: ՀԳՄ լիազորված փաստաբանական խմբի ղեկավար Լևոն Բաղդասարյանն առաջարկել է այլ պատշաճ դահլիճ տեղափոխել նիստը, սակայն առաջարկը մերժվել է, որից հետո Լևոն Բաղդասարյանը հուզված լքել է սենյակը:
Գրողների միությունից նշում են, որ դատական նիստը տեղի է ունեցել առանց դատախազության հայցի հասցեատեր ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության, որը չի մասնակցել ընթացող դատավարությունների որևէ նիստի:
Դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը խոսել է քննվող հարցի մասին՝ փորձելով վիճարկել Սևանի ստեղծագործական տան նկատմամբ ՀԳՄ սեփականության իրավունքը: ՀԳՄ-ի կողմից լիազորված փաստաբանական խմբի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը ներկայացրել է անհրաժեշտ հակափաստարկները՝ հղում անելով առկա փաստաթղթերին, ՀՀ օրենսդրությանը և նախկինում կայացված որոշումներին:
Ելույթ է ունեցել դատավարությունում երրորդ անձի կարգավիճակով ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսել է տարիների ընթացքում Հայաստանի գրողների միության գործունեության, Սևանի ստեղծագործական տան և գույքի նկատմամբ ՀԳՄ-ի ունեցած սեփականության իրավունքի մասին՝ ընդդիմանալով ՀՀ դատախազության ներկայացուցչի դատերի ժամանակ քանիցս արտահայտած այն դիտարկմանը, թե Հայաստանի գրողների միությունը 1993 թվականին է կազմավորվել որպես հասարակական կազմակերպություն և նրա կանոնադրության մեջ չի նշվել նախկինի իրավահաջորդ լինելը: ՀԳՄ նախագահը վկայակոչել է վերոհիշյալ կանոնադրության կետերը, որոնք փաստում են նախկին ստեղծագործական միության գույքային ունեցվածքը, մասնավորապես՝ Բաղրամյան 3 հասցեի շենքը, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները: Նա փաստել է նաև, որ նույն ստեղծագործական միության անդամներն են եղել հասարակական կազմակերպության անդամները և նույն ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանն է շարունակել նախագահել: Ասվել է նաև, որ չի լուծարվել նախկինը և, բնականաբար, չի հրավիրվել գրողների միության նոր համագումար: Ուղղակի եղել է անվանափոխություն. Սովետական Հայաստանի գրողների միությունը դարձել է Հայաստանի գրողների միություն:
«Նշվեց նաև, որ 1990 թվականից գրողների միությունը շրջանառել է («Գրական թերթ»-ում) գրողների միության անվանափոխության հարցը: Անվանափոխությունը չի փոխել 1934 թվականից գործող ստեղծագործական միության նյութական ունեցվածքի հասցեատիրոջը: Սա է իրականությունը և սա իրավահաջորդ լինելու անժխտելի փաստարկ է: Հավելենք, որ 1934 թվականին է կազմավորվել Սովետական գրողների միության համամիութենական ոչ պետական գրական հիմնադրամը, որը սնուցվում էր ՍՍՀՄ գրողների միության անդամների հոնորարներից 10 տոկոսի չափով փոխանցումներով, հիմնադրամի գումարներով կառուցվում ու նորոգվում էին շենքեր, աշխատավարձեր էին տրվում աշխատակիցներին: Մեր միության կառույցների և աշխատանքների նպաստումը ևս այդ շրջանակում էր: Սա էլ չմոռանանք»,- նշում են Գրողների միությունից։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշել է հաջորդ դատական նիստը նշանակել 2026 թ.-ի ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ 2024 թվականից իշխանությունը, ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Ստեղծագործական միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։