Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն մի քանի օր է տեղեկատվություն է տարածվել, որ նոյեմբերի 12–ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը։ Ըստ «Փաստի» աղբյուրների, այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։
Սակայն ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, կրտսեր Դոնալդ Թրամփը չի այցելի Հայաստան. «Վաշինգտոնից տեղեկացա, որ ռուսահայ օլիգարխների ջանքերով խափանվել է կրտսեր Դոնալդ Թրամփի այցը Հայաստան»։
«Հրապարակը», անդրադառնալով կրտսեր Դոնալդ Թրամփի այցի չեղարկմանը, գրում է. «Մեր աղբյուրը պնդում է, որ ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:
Հիշեցնենք, օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին Դոնալդ Թրամփ կրտսերը այցելելու է Հայաստան: Այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև, այսպես կոչված, աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ»։