Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փոստանջյան. Միջնորդել էինք, որ Վարդան Ղուկասյանին տեղափոխեն Միքայել Սրբազանի խուց
Գյումրու կալանավորված քաղաքապետի պաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր նիստին ընդառաջ ավագանու անդամներին փոխանցեց Վարդան Ղուկասյանի ողջույնները, ասաց՝ Ղուկասյանը խնդրում է, որ իր թիմակիցներն ամուր լինեն։
«Ունի առողջական խնդիրներ, բայց իր մտահոգությունները միայն ու միայն կապված են Գյումրիի ղեկավարման, մեր երկրի ապագայի հետ»,-ասաց նա։
Պաշտպանը փոխանցեց, ՔԿՀ-ում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, ընդհանրապես չկա բժիշկ, էլ չի խոսում էնդոկրինոլոգի մասին։
«Նրա հիվանդություններն այնպիսին են, որ մշտադիտարկումն անհրաժեշտ է, որպեսզի կայունացնեն վիճակը, նշանակեն համապատասխան դեղորայք։ Պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը քաղաքական դրդապատճառներով է։ Նոյեմբերի 6-ից սկսած բուժօգնության չտրամադրման բացառիկ մի դեպք ունենք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի վաթարացմանը»,-նշեց Փոստանջյանը
Նրա գնահատմամբ, խուցը, որտեղ պահվում է Վ. Ղուկասյանը, չի համապատասխանում ստանդարտներին։
«Հիվանդ մարդու համար նախատեսված պայմաններ չեն, ոչ խուցը, ոչ խցակիցները, ոչ էլ սանիտարահիգիենիկ պայմանները, ոչ լուսավորությունը։ Զբոսանքի պայմանները, զբոսանքի տեղը կարելի է ասել խցային մի վայր է, փակ պատերով, միայն օդն է, երկինքն էլ տեսնում ես ցանցի միջոցով։ Սա այն անմարդկային պայմաններն են, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը։ Կարծում եմ, որ նման պայմաններում է պահվում նաև Միքայել Սրբազանը։ Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ Վարդան Ղուկասյանի խուցը փոխեին ու նրան տեղափոխեին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խուց։ Մինչդեռ մեր խնդրանքը մերժվել է»,-ներկայացրեց Փոստանջյանը։
Նա ընդգծեց, որ Ղուկասյանի համար չեն ապահովվել պատշաճ պայմաններ աղոթելու, պատարագին մասնակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։