Հոգևորականներին կանչել են քննչական կոմիտե. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Իրավունք
10:57 12/11/2025
Հայաստան

Հոգևորականներին կանչել են քննչական կոմիտե. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից 8 հոգևորականի կանչել են քննչական կոմիտե։ Այս մասին Panorama.am-ին ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Ենթադրվում է՝ Նաթան Սրբազանի ձայնագրության գործի շրջանակներում են կանչվել քննչական կոմիտե, քանի որ ծանուցագրերում գործի համարը նույնն է»,- նշեց փաստաբանը։

Մարինե  Ֆարմանյանն ասաց, որ հոգևորականները, որոնց թվում են քահանաներ, վարդապետ, վկայի կարգավիճակում են։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը գործին, փաստաբանն ասաց, որ այն  նախաքննության փուլում է,  Նաթան Սրբազանը երկու անգամ հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական ԶԼՄ-ները տարածել էին Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր  ծառայությունից ազատվելու մասին։

Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը և հույս հայտնել, որ իրավապահ ու դատական համակարգը համարժեք արձագանք կտա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder