«Իմնեմինի» փոդքասթի հեղինակների կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում՝ նույն ժամին. ինչ խնդիր է այդպիսով լուծում իշխանությունը
Իրավունք
20:43 13/11/2025
Հայաստան

«Իմնեմինի» փոդքասթի հեղինակների կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում՝ նույն ժամին. ինչ խնդիր է այդպիսով լուծում իշխանությունը

«Փաստինֆո»-ն գրում է․

«Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի  կալանավորման միջնորդությունները կքննարկվեն այսօր՝ ժամը 21:00-ին։ Նարեկ Սամսոնյանինը կքննարկվի  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։

Նույն ժամին՝ Աջափնյակի նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, կքննարկվի Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունը։

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն հայտնել է՝  այսօր վաղ առավոտյան դիմակավորված իրավապահները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր ու նրանց ձերբակալել՝ մասկի շոուի բեմադրմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց հրապարակային խոսքի համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։

Ընդ որում՝ փոդքասթի համահեղինակների նկատմամբ վարույթը հարուցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը նրանց հրապարակավ անվանել էր «Շան լակոտներ» եւ տղաներն էլ արձագանքել էին։ Նշված վիրավորական արտահայտության համար ԱԺ նախագահի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ համացանցային խուլիգանության հատկանիշներով։

Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանավորումը, թերեւս, քաղաքական իշխանության կողմից հնչեցված հրահանգ է, ինչի մասին է վկայում նաեւ այն, որ նրանց ձերբակալելու էին գնացել ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները, կարծես խիստ վտանգավոր հանցագործների են բռնում։ Թեեւ սա նաեւ ցուցիչ է, թե մտքի ու խոսքի ազատությունը որքան վտանգավոր քաղաքական իշխանության համար։ Իսկ միջնորդությունների քննարկումը միաժամանակ երկու տարբեր դատարաններում կազմակերպելը կարող է մի քանի պատճառ ունենալ՝ նախ  Փաշինյանի իշխանությունը փորձում է հասկանալ ընդդիմադիր դաշտում առկա տրամադրությունները և հասկանալ, թե միաժամանակ երկու տարբեր նստավայրերի դատարանների մոտ  որքան մարդ կհավաքվի։ Բացի այդ՝  Փաշինյանի իշխանությունը փորձել է  ապահովագրել գործընթացը՝ միջնորդությունները մակագրելով այնպիսի դատավորների, որոնց նկատմամբ ունեն ազդեցության գործիքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Իմնեմինի» փոդքասթի հեղինակների կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում՝ նույն ժամին. ինչ խնդիր է այդպիսով լուծում իշխանությունը