2027-ի հունվարի 1-ից կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը
Հասարակություն
14:41 14/11/2025
Հայաստան

2027-ի հունվարի 1-ից կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը

«Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի»,- այս մասին կառավարության նիստում ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարն ասաց, որ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն՝ արդեն իսկ ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին: 

Նա նշեց, որ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա. որը փաստացի գործող կարգավորում է:

Մաթևոսյանը տեղեկացրեց, որ որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները:

«Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում»,-հայտնեց նախարարը և ընդգծեց, որ նաև սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար:

Նրա խոսքով՝ արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին անգամ՝ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100-150 հազար դրամ տուգանք:

«Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ տուգանքը նախատեսվում էր 30-100 հազար դրամ: Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ»,-հայտնեց ՇՄՆ նախարարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2027-ի հունվարի 1-ից կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը