Գոհար Մելոյան. Հնարավոր է ԿԸՀ-ն քննարկի մեր մասնակցությունը վաղը Վաղարշապատի ընտրություններում
Քաղաքական
17:19 15/11/2025
Հայաստան

Գոհար Մելոյան. Հնարավոր է ԿԸՀ-ն քննարկի մեր մասնակցությունը վաղը Վաղարշապատի ընտրություններում

ԿԸՀ արտահերթ նիստում քննարկելու են դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպությունների հավատարմագրման հարցը։ Այս մասին հայտնեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իրենց դեմ վարույթ է հարուցվել։ Չնայած պատշաճ կերպով նա չի ծանուցվել, նյութերին էլ չի հասցրել ծանոթանել,  սակայն շտապում է ԿԸՀ։

«Իհարկե հնարավորություն ունեի հետաձգել նիստը, բայց սա այնքան իրավաբանության, իրավական մեկնաբանության հետ ոչ առնչելի վիճակ է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է»,-ասաց Մելոյանն ու խոստացավ ավելի ուշ հայտարարություններով հանդես գալ։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ»-ը դիմել է ԿԸՀ ու  խնդրահարույց համարել  «ՀայաՔվե» դիտորդական առաքելության, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի որոշ հայտարարություններ։

«Անկախ դիտորդը մտահոգիչ է համարում որոշ դիտորդական առաքելությունների կողմից որևէ կուսակցության կամ ուժի մասին հնչեցված մեկնաբանություններում կողմնակալության դրսևորումները»,-նշել էր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder