Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևի մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ դեմ. Սևակ Խաչատրյան
«Մանդատները վերցնելու ենք, 10 հազար մարդը, ով մեզ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի»,- ասուլիսում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենց աշխատանքով պետք է ապացուցեն՝ իրենց թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Վաղարշապատ համայնքի ապագան, քան այն թիմը, որն լինելու է համայնքային իշխանության։
Ս.Խաչատրյանը նշեց, որ ընտրապայքարն ի սկզբանե սկսվել է ընտրախախտումներով, անհավասար պայմաններով, այդպես է մինչ օրս։
«Քվեարկությունն ավարտվել է, բայց անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ, մինչ այս պահը շարունակվում են, կարծում եմ, դեռևս շարունակվելու են»։
Հիշեցնենք, որ երեկ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին. «Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»։
Սևակ Խաչատրյանն ասաց, որ իրեն չեն հրավիրել հարցաքննության, իր տանը խուզարկություն տեղի չի ունեցել։
«Ես ինքս ներգրաված չեմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթում։ 5 հոգու մասին է նշվում, 3-ին ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել նրանց հետ։ Մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են, փորձում են քրեական գործերի միջոցով... Երևի թե մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված։ Չեն կարողանում գտնել ու չեն կարողանալու, որովհետև նման բան չկա։
Պատկերացնում եք՝ հաղթանակ տանեինք։ Ինձ թվում է՝ ամբողջ թիմով լինելու էինք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքին, թեև միանձնյա իշխանության են լինելու Վաղարշապատում, որ կա թիմ, որը 10 հազար ձայն է ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։
Նախքան առաջիկա խորհրդարանական ընտրությունները, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին սևացնել, ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին, բայց իրենց մոտ դա չստացվեց»,- ասաց Ս.Խաչատրյանը։
Ըստ նրա, սա ուղիղ քաղաքական ուղղորդում է։
«Փորձելու են տարբեր քրեական գործերով մեր թիմը պառակտել։ Բայց, չեմ կարծում, որ կստացվի։ Մեր թիմն անսասան է։ Եթե հաջողվի որոշ մարդկանց կտրել թիմից, արդյունք չի տա իրենց։ Այս քրեական գործերն ազդակների սկիզբն են»,- ասաց Ս.Խաչատրյանը։