Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ Վաղարշապատում ՔՊ հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում Մայր Աթոռի վրա. Սևակ Խաչատրյան
«Օրվա իշխանություններից ամեն քայլ սպասելի է, բայց ընդհանրապես չեմ վախենում»,- նախքան քվեարկությունը լրագրողներին ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, մտավախություն չունի՞, որ Վաղարշապատում ՔՊ-ի պարտության դեպքում հնարավոր է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի՝ նկատի ունենալով Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի դեպքը։
Նա նշեց, որ իրենց թիմը գնում է բացարձակ հաղթանակի։
Խոսելով հնարավոր կոալիցիա կազմելու մասին, Ս.Խաչատրյանն ասաց. «Նման սցենարներ չենք քննարկել ոչ մեկի հետ, մյուս ընդդիմադիրի ուժերի հետ հանդիպումներ չենք ունեցել, բայց նախկինում էլ հայտարարել եմ՝ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար, համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։
Մենք հայտարարել ենք՝ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակից» 1 ձայն ավելի կհավաքի, պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին»։
Ըստ Սևակ Խաչատրյանի, ՔՊ-ն փորձում են այս ընտրություններում ամեն գնով հասնել հաջողության, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ էջմիածնում՝ հոգևոր մայրաքաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրենց քաղաքականության դեպքում, ժողովուրդը վստահում է իրենց։
«Երբ Վաղարշապատում ՔՊ հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում Մայր Աթոռի վրա, եկեղեցու դեմ իրենց ճղճիմ ծրագրերն անմիջապես իրականացնելու են, նաև 2026 թվականին համապետական ընտրությունների իրենց հարցն են լուծելու։ Ասել եմ՝ Վաղարշապատում ով այսօր քվեարկի ՔՊ-ին, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակացության շահին»։