Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրդեհը մեր վարչական տարածքից չի եկել, այլ տեղերից է տարածվել. Թթուջուրի վարչական ղեկավար
Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի մեկ օջախ է մնացել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թթուջուրի վարչական ղեկավար Հայկ Ստեփանյանը։ Նա հույս հայտնեց, որ դա էլ շուտով կմարվի, քանի որ մեծ ուժեր են կենտրոնացած։
«Կրակը տարածվել է արոտավայրերում, խոտհարքերում։ Կային և օգտագործվող, և չօգտագործվող տարածքներ, այսինքն հեռագնա արոտավայրեր են, տարվա այս ժամանակահատվածում այնտեղ անասուն չկա»,- ասաց Ստեփանյանը։
Նա նշեց, որ հրդեհն իրենց վարչական տարածքից չի եկել, ուրիշ տեղերից է տարածվել, հիմնական պատճառը չոր եղանակն է. «Ընդհանրապես, տեղումներ չկան։ Մի քիչ էլ բնակչությունն անփույթ է, մի տեղ մի սիգարետ, մի կայծ, բռնկվում է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին՝ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։ ՆԳՆ վերջին հաղորդագրության համաձայն (ժամը 10:36), աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է։ Նախնական տվյալներով, 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 31 օպերատիվ խումբ։
«Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել են փրկարար ծառայությունից։
(Տեսանյութը՝ Անուշ Կլեկչյանի էջից)