«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը
Օրվա մամուլ
08:42 22/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2024 թվականի դեկտեմբերի 11-ին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, ապա նշանակվեց Շիրակի մարզպետ։ Առուշանյանին Ազգային ժողովում փոխարինեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը։

Ջուլիետա Ազարյանը քաղաքական դաշտում հայտնվել է վերջին 2 տարում, սակայն 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել: 2022-2024 թվականներին Ազարյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի՝ Ազարյանն ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում և Աբովյան քաղաքում, և 1 հողամաս Փարաքար համայնքում։

Ուսումնասիրելով Ազարյանի՝ 2022 թվականից ներկայացրած, պաշտոն ստանձնելու պահին առկա և հետագա տարիների տարեկան հայտարարագիրը՝ անճշտություններ նկատեցինք։

Բանն այն է, որ 2022 թվականի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում, Ջուլիետա Ազարյանն ունի 2021 թվականին ձեռք բերված 1 բնակարան Առինջ գյուղում բաժնային սեփականությամբ։ 2022 թվականին նույն բնակարանը կրկին առկա է, սակայն անշարժ գույքի գտնվելու վայրը Աբովյան համայնքն է։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա ունեցել է 1 բնակարան։ Այդ ժամանակ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ազարյանը 2023-ին գնել է հողամաս Փարաքար համայնքում 1 մլն դրամով։

Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ազարյանը, չգիտես ինչպես, ունի 3 անշարժ գույք։

Անհամապատասխանությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, վերջինս փոխանցեց, որ սխալմունք է տեղի ունեցել։

«Վրիպակ է եղել, ես չունեմ 3 անշարժ գույք։ Ունեմ մեկ բնակարան Առինջում՝ հիփոթեքային վարկով ձեռք բերված, որին համասեփականատեր է նաև մայրս։ Հայտարարագիրս այդպես նաև հրապարակվել էր Հանրայինի եթերում»,- մեզ հետ զրույցում նշեց Ազարյանը՝ հավելելով, որ բնակարանը 2021 թվականին գնել է հիփոթեքային վարկով, որպես երիտասարդ ընտանիք՝ 7% տոկոսադրույքով, իսկ բնակարանն արժեցել է գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար։

Հետևելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաև հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։

Ազարյանից հետաքրքրվեցինք նաև մեքենայի մասին։ «Մեքենան ձեռք եմ բերել 2 ամիս առաջ, այդ պատճառով կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրի մեջ։ Այն գնել եմ վարկային միջոցների ներգրավմամբ: Արժեր, եթե չեմ սխալվում, 24 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասը վարկային միջոցից եմ ներգրավել։ BYD մակնիշի մեքենա է»,- նշեց Ազարյանը։

ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 678 հազար դրամ 6,5 հազար ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները՝ 181 հազար 675 դրամ և 1 մլն 628 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 780 հազար դրամ, որից 8 մլն 10 հազար դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկից։ Եկամուտներից 332 հազար 210 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 63 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Ջուլիետա Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder