Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ՀԷՑ-ի վիճակը լավացնել, տարին15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն ՀՀ համար. Նարեկ Կարապետյան
«Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»,- գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով, թե ինչպես հորեղբայրը՝ գործարար Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ն ու ինչու այժմ ընկերությունը զրկվեց լիցենզիայից։
«Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ:
Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը, որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան՝ գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպեսզի այսպես կոչված blackout -ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:
Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է, չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:
Երկար բանավեճից հետո որոշվեց գնել: Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե, աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է, որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ, անաղմուկ, անշոու:
Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:
Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:
Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»,- գրել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր, Ֆորբսի ցուցակով միլիարդատեր, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական ու այլ հետապնդումներ սկսեցին, երբ Կարապետյանը Մայր Աթոռի բակում այս տարվա հունիսի 17-ին տված հարցազրույցում քննադատեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ Հայ առաքելական եկեցեղու՝ նշելով, որ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին, ունենալու է անմիջական մասնակցություն։
Հարցազրույցից ժամեր անց արձագանքելով Կարապետյանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Նույն օրը իրավապահ մարմինների դիմակավորված աշխատակիցները մտան Սամվել Կարապետյանի առանձնատուն, ժամեր շարունակ այնտեղ իրականացրած գործողություններից հետո Կարապետյանն իր ոտքով գնաց ՔԿ։ Հունիսի 18-ին Ս. Կարապետյանը կալանավորվեց՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու» մեղադրանքով։ Հոկտեմբերի 15-ին հայտնի գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց՝ « իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։ Մինչ այսօր հայտնի գործարարն անազատության մեջ է։ Օրեր առաջ դատարանը երկու ամսով՝ մինչև հունվարի 18-ը երկարացրեց կալանքի ժամկետը։
Կարապետյանի պաշտպանական խմբի անդամների, այդ թվում միջազգային ճանաչում ունեցող փաստաբանի, իրավապաշտպանների պնդմամբ, հայտնի գործարարի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։