Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին, որևէ արտառոց բան չեմ տեսնում. Վայոց Ձորի թեմի առաջնորդ
Հասարակություն
15:57 25/11/2025
Հայաստան

Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին, որևէ արտառոց բան չեմ տեսնում. Վայոց Ձորի թեմի առաջնորդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն ասաց, որ օրակարգը չի ստացել, հրավիրվել է ժողով հարցերը քննելու համար։ Սրբազանը նշեց, որ հարցերի պատասխանները լրագրողները կստանան ժողովից հետո։

«Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկն իրավունք չունի  հայտարարություններ անել, այլևս ժողովն անիմաստ կլինի»,- ասաց Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը։

Նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները մասնակցել էին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագի ընթացքում չի հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։

Հարցին՝ ժողովին քննարկվելո՞ւ է հարցը, թե ինչո՞ւ իր ներկայությամբ  մատուցված պատարագին Կաթողիկոսի անունը չի հիշատակվել, Աբրահամ Սրբազանն ասաց. «Ժողովին այդ հարցերը կհնչեն, չգիտեմ՝ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Թե ինչ պատճառով և ինչպես, ժողովին քննվելու է, ես դրա պատասխանն ունեմ։

Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում,  կլինի ժողովից հետո, չգիտեմ՝ ժողովն ինչպիսի որոշում կկայացնի»։  

Սրբազանն ասաց, որ Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել է Վեհափառին. «Վեհափառն ասել է՝ պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում մոտուցվող պատարագներին, նայես՝ կողքից միջամտություններ չլինեն, ընթացքը լինի սովորական, նորմալ։ Ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է, ներկա են եղել և վարչապետ և շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում»։ 

Սրբազանն ասաց, որ որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը ու որոշում է կայանում, դա ընդունելի է  բոլորի համար։

Եպիսկոպոսաց ժողովում, ամենայն հավանականությամբ,  քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։  Աբրահամ Սրբազանը նշեց, որ չգիտի, կա այդ հարցը, թե ոչ ժողովի օրակարգում, քանի որ օրակարգին տեղյակ չէ։

Հարցին՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունի, Սրբազանն ասաց. «Քննարկման արդյունքում կերևա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder