Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
3 %-ով վարկի խոստումով խաբեցին, 5000 դոլար տարան. Խարդախությունից տուժած քաղաքացի
«Բարձր տոկոսով վարկեր ունեի, ուզում էի ցածր՝ 3 տոկոսով վարկ վերցնել, մյուսը փակել, խաբվեցի»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Արարատի բնակիչ Ազնիվ Գրիգորյանը, որը կիբերխարդախության զոհ է դարձել։
Այսօր Քննչական կոմիտեի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են իրավապահներից՝ միջոցներ ձեռնարկել բացահայտելու զեղծարարներին և վերականգնելու իրենց պատճառված վնասը։ Ազնիվ Գրիգորյանից զանգերի միջոցով շուրջ 5000 դոլար են շորթել։
«ԱԱԾ եմ դիմել, մի տարի տարան, բերեցին, հետո ասացին՝ չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ բռնենք, տեղյակ կպահենք։ Մի տարի գնացել, եկել եմ, ու ոչ մի դրական բան։ Հետո ոստիկանությունում, քննչականում մեզ պատասխանեցին՝ խի դուք հույս ունեք էդ գումարները կտա՞ն»,- մանրամասնեց տուժած քաղաքացին։
Բողոքի ակցիայի մասնակիցների շահերը ներկայացնող իրավապաշտպան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետևանքով։
«Հայաստանի տարածքում տեղի են ունեցել ձեռնարկատիրական գործողություններ, որոնք արգելված են եղել, դրանց մասին մարդիկ իմացել են և չեն կանխել, դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20 000 և ավելի տուժածներ։ Խոսքը, մասնավորապես, զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների և այլ կիբերհանցագործությունների մասին է, որոնց հետևանքով քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առջև»,-ասաց ՀԿ նախագահը։
Իրավապաշտպանի խոսքով՝ խարդախության զոհ դարձած քաղաքացիները խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից, որովհետև ենթարկվում են քննադատությունների հասարակության կողմից.
«Մարդիկ ասում են՝ ո՞ւր էր ձեր գլուխը, ինչի՞ եք խաբվել, ինչի՞ եք գումարները փոխանցել հանցագործներին։ Նախ հանցագործների ճակատին գրված չէր, որ իրենք հանցագործ են։ Նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը, իհարկե, ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, որոնք մասնագիտությամբ ծրագրավորող են։ Այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը դա միայն միամիտ մարդու խնդիր չէ։ Ուղղակի պետությունն ունի պարտականություն՝ պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին, նրանց ֆինանսական իրավունքները վերականգնելու, և պետությունը չունի իրավունք ֆինանսական վնասներ կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնելու, թե իբր միամտություն է, անփութություն է։ Միամտություն և անփութություն էս մարմինների արածներն են»,–ասաց Կարագոզյանը։
Բազմաթիվ տուժողների դեպքում հանցագործությունները կատարվել են արտերկրից։ Այս մասին ասաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը՝ պատասխանելով իրավապաշտպանների և տուժողների հարցերին։
Նրա խոսքով՝ ակտիվ աշխատում են արտասահմանյան գործընկերների հետ այս հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութերում։