Ո՞վ է ի վերջո հրկիզել Նուբարաշենի աղբավայրը
Հասարակություն
14:59 25/11/2025
Հայաստան

Ո՞վ է ի վերջո հրկիզել Նուբարաշենի աղբավայրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 10-ին՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման օրը, դեպքի վայրում հայտարարեց, թե հրդեհը պատահական չէր, այլ՝ դիտավորություն՝ հրահանգելով ուղեփակոց դնել և գործող պահակախումբը համալրել քաղաքապետարանի աշխատակիցներով։

Նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ավինյանը հայտարարեց.

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ այս դեպքը պատահական չէր, այլ  դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ, Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»։

Նա նաև վստահեցրեց, որ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները։

Panorama.am-ը  ՀՀ դատախազությունից հետաքրքրվեց, թե արդյոք ընթացք է տրվել «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախօրեին աղբավայրը միտումնավոր հրկիզելու Ավինյանի հայտարարութանը։

Դատախազությունից հայտնեցին, որ արդեն Հոկտեմբերի 11-ին նախաձեռնել են քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Վերևում հիշատակված հոդվածում ամրագրված է.

«Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը

1. Շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութը կամ թափոնը, կենսաբանական ազդանյութը, ազդակը կամ թունավոր նյութն օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց հետ վարվելու անվտանգության այլ կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

Panorama.am-ի դիտարկմամբ, Նուբարաշենի աղբավայրը գրեթե մշտապես ծխում է, իսկ հրդեհի բռնկան օրը, գիշերը տարվա այդ եղանակի համար անսպասելի, ուժգին քամի էր բարձրացել, ինչն էլ, ըստ մասնագետների, հրդեհի բռնկման իրական պատճառ կարող էր լինել, և հանգամանքների համադրմամբ իրավապահ մարմիններին ծանրադեռնելու Ավինյանի քայլը, ամենայն հավանականությամբ, անարդյունավետ է։

Panorama.am-ը հետևողական կլինի գործի քննության ընթացի լուսաբանման հարցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է ի վերջո հրկիզել Նուբարաշենի աղբավայրը