Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԷՑ-ում հավելագրումների ծավալն անցնում է մի քանի մլն կվ/ժ-ը. Ռոմանոս Պետրոսյան
«Նշանակման հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ սահմանեցինք, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից»,-Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ դա շարունակական է լինելու։
Նա նաև տեղեկացրեց, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարները վերջիններիս՝ կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:
Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների կեսը՝ 3400 աշխատակից, վարձատրվում է 300 հազար դրամից ցածր, 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը, և ամենախոցելի այդ շերտն է 20 հազար դրամ լրացուցիչ պարգևատրում ստանում:
Նրա խոսքով՝ 1500 աշխատակից վարձատրվում է 300-600 հազ դրամ հատվածում։
Անդրադառնալով կորուստների և հավելագրումների խնդիրն՝ Պետրոսյանը հայտնեց, որ ՀԾԿ-ն սահմանել է մինչև 7 % կորստի շեմ, որը նույնն է, ինչ աշխարհի առաջատար երկրներինը։
«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կան արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էլեկտրաէներգիայի թերգրանցվում։ Ավելի մեծ քանակով էլեկտրաէներգիա էր մղվում ցանց այդ արտադրողներից, քան հաշվարկվում ու վճարվում էր, և սպառողների կողմը՝ պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաև վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ»,-ասաց Պետրոսյանը։
Նա վստահեցրեց, որ Էլեկտրաէներգիայի ստվերային մոնետիզացիա էր տեղի ունենում և 1.5 տասնյակից ավել քրեական վարույթներ են նախաձեռնված։
Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ հավելագրումները հիմնականում արվել են քաղաքների գիշերային լուսավորության ցանցերի վրա և հավելագրումների ծավալն անցնում են մի քանի մլն կվ/ժ քանակները։
«Միջինացված եթե բազմապատկել այդ թիվը 50 դրամով, ստացվում է մի քանի տասնյակ մլն դրամի հավելագրումներ»,- ասաց Պետրոսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ՀԷՑ-ում կատարվածը փողերի լվացում որակեց։
Ռոմանոս Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ իր նշանակման ժամանակ ՀԷՑ-ը 396 մլն դոլարի վարկային պարտավորություններ ուներ և այս ընթացքում այն նվազեցվել է 368 մլն դոլարի, մոտ 28-30 մլն դոլարի վարկային պայմանավորվածություն է վաղաժամ մարվել։