Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումերի հալածանքների, հաշվեհարդարի բացահայտ գործիքի. ԱԺ-ում մեկնարկեց հանրային լսումները
«Շրջանառության մեջ է դրվել ԱԺ հայտարարության նախագիծը և այն լրացնելու համար հրավիրվել են խորհրդարանական լսումներ»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» մասին ԱԺ հայտարարության թեմայով խորհրդարանական լսումները բացելով՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ լսումների թեման այնքան տեսանելի, ակնհայտ ու ահագնացող է, որ գործընկերներից շատերը, ինչպես նաև հանրության լայն շերտեր ամենօրյա ռեժիմով անդրադառնում են իշխանության կողմից իրականացվող օրենքի կոպտագույն խախտումներին և ընդդիմությունը չէր կարող չօգտվել օրենքով սահմանված լսումներ հրավիրելու լիազորությունից։
«Լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում, խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ ընտրովի արդարադատությունը դրսևորվում է անարդար դատավճիռներով աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։
«Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումերի հալածանքների, հաշվեհարդարի բացահայտ գործիքի», -ասաց Օհանյանը նշելով, որ այն երկրում վախի մթնոլորտ սերմանելուն է ուղղված և միտված է իշխանությունը ամեն գնով պահպանելուն։
Օհանյանը նշեց, որ թեման քննարկվել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ներկաներին հորդորեց ըստ էության ելույթ ունենալ և հիմնավոր փաստարկներ հնչեցնել, քանի որ լսումներին հետևելու են միջազգային իրավասու կառույցների ներկայացուցիչները։