Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուղացին մնաց մենակ կարկուտի ու երաշտի դեմ. Հայաստանում ցորենի ցանքատարածությունները նվազել են
Հայաստանում ցորենի ցանքատարածությունները նվազել են։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։
Այսպես.
2023 թվականին Հայաստանում շուրջ 71.4 հազար հա ցորենի ցանքատարածություն է եղել, իսկ 2024 թվականին այն նվազել է մինչև 56.5 հազար հա։ Սա վերջին 4 տարիներին Հայաստանում ցորենի ցանքատարածություների ամենացածր մակարդակն է։ Նվազել է նաև ցորենի համախառն բերքը։ Եթե 2023 թվականին ունեցել ենք 177.9 տոննա ցորեն, 2024-ին այն նվազել է՝ հասնելով 120.3 տոննայի։
Ցորենի ցանքատարածությունները նվազել են մարզերի մեծ մասում, բայց առավել ակնառու է Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի համոզմամբ, ցորենի ցանքատարածությունների կրճատման պատճառը պետական քաղաքականությունն է։
«Առաջին պատճառը պետական քաղաքականությունն է, որպեսզի Ադրբեջանի տարածքով ցորեն բերեն ու այս ազգին հաց ու տեսարան ցույց տան։ Երկրորդը՝ պետական աջակցությունը հանեցին, 0 տոկոսով վարկերը հանեցին, որ գյուղատնտեսները, ֆերմերները իրենց հացը ցանում, ստեղծում էին, կարտկահարության ապահովագրությունն էլ հանեցին, գյուղացին մեն-մենակ մնաց կարկուտի ու երաշտի հետ, դրա համար էլ այս վիճակն է։ Խայտառակ իրավիճակ է արդեն ցորենի ցանքերի հետ կապված ՀՀ-ում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը Ադրբեջանի տարածքով 4-րդ կարգի ցորեն ներկրեց Հայաստան՝ այն համարելով ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված կարևոր քայլ։