Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք չենք կարողանում նայել ոչ միայն Լիդյայի աչքերի մեջ, այլև Եռաբլուր գնալիս նայել մեր տղաների աչքերի մեջ. Զոհվածի ծնողի հուզիչ խոսքը դատարանում
«18 արդարների» գործով դատական նիստի մեկնարկին դատավարության մասնակիցները՝ ամբաստանյալները, նրանց պաշտպանները դատարանին առաջարկեցին առաջնահերթ քննարկել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։ Վահագն Չախալյանի պաշտպանը հիշեցրեց, այսօր քննարկվելու է իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը, սակայն առաջարկեց առաջին հերթին անդրադառնալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի քննարկմանը։ Որոշեցին այսօր չքննարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։
«Վարույթի մասնակիցներ, դատարանը լսեց յուրաքանչյուրիդ կարծիքը։ Եկեք այսպես անենք, դատարանի առաջ պայման մի դրեք, պայման դնելու իրավասություն էլ չունեք։ Դատարանը նշեց, եթե հիմնավոր միջնորդություն, նոր ի հայտ եկած հանգամանքներ կան, կքննարկենք»,-ի պատասխան հայտարարեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն իր միջնորդության մեջ մասնավորապես նշեց, Լիդյա Մանթաշյանի նկատմամբ ընտրված կալանքը ենթակա է վերացման կամ փոփոխման հետևյալ պատճառաբանությամբ՝ մեղադրյալի փախուստի հիմնավորումը մերժվել էր դեռևս 20.08.2025թ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հիմք բացակայությունն արձանագրվել է 06.10.2025թ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
«Ըստ էության մնացել էր միայն մի ռիսկ՝ վարույթին խոչընդոտելը։ Այս նույն իրավիճակն առկա էր սույն գործով մեղադրյալներից շատերի՝ կարծեմ 7-8 հոգու պարագայում։ 2025թ. նոյեմբերի 20-ին ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անփոփոխ թողնել խափանման միջոցը՝ համարելով, որ առկա է այդ ռիսկը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամաբ մեղմացավ խափանման միջոցը, կիրառվեցին այլընտրանքային միջոցներ»,-ասաց Սողոյանը՝ նշելով, որ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում։
Պաշտպանը դատարանում թվարկեց, որ Լիդյա Մանթաշյանին կալանքի տակ պահելու մասին որոշմանն վերաբերյալ մտահոգություն են հայտնել գործող և նախկին ՄԻՊ-երը, իրավապաշտպաններ, իրավաբաններ, պատգամավորներ։
«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում 540 հրապարակում միայն առցանց տիրույթում է եղել Լիդյա Մանթաշյանի կալանքի մասին, չհաշված երեկ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում հնչած ելույթները»,-ասաց Սողոյանը։
Պաշտպանը միջնորդեց վերացնել կամ փոխել Լիդյա Մանթաշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ընդգծելով, որ որևէ մեկը ցուցմունք չի տվել Լիդյայի դեմ, հետևաբար խոչընդոտելու ռիսկ էլ չկա։
Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը հայտարարեց, որ անցած նիստում ասել է այն ամենը, ինչ պետք է ասեր, այսօր ավելացնելու որևէ բան չունի։
Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները, մեղադրյալները։ Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց, որ դատարանի դահլիճում կան նաև պատգամավորներ, կարող են նրանք էլ երաշխավորել։
«Լիդյան գտնվելով անազատության մեջ՝ սա նաև վիրավորում է մեզ՝ ծնողներիս։ Եվ մենք չենք կարողանում նայել ոչ միայն Լիդյայի աչքերի մեջ, այլև տանը հանգիստ լինել, Եռաբլուր գնալիս նայել մեր տղաների աչքերի մեջ։ Մեր տղաներն իրենց կյանքը զոհեցին, ոչ միայն մեր հայրենիքի համար, այլ համայն հայության համար։ Լիդյան շարունակում է այն գիծը, որով շարժվել են հազարավոր երիտասարդ տղաներ»,-ասաց զոհվածի հայր՝ Արա Ռոստոմյանը։