Պարոն Թաթոյանը կարող է ամեն օր տարածել. Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյանին բանավեճի հրավիրելու մասին
Քաղաքական
13:55 28/11/2025
Հայաստան

Պարոն Թաթոյանը կարող է ամեն օր տարածել. Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյանին բանավեճի հրավիրելու մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան «Միասնության թևեր» քաղաքական ուժի հիմնադիր Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի:

«Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի:

Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր:

Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ»,- գրել է Արման Թաթոյանը։

Panorama.am-ը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից՝ արդյո՞ք ստացել են Արման Թաթոյանի հրավերը, կընդունվի, թե կմերժվի այն Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Պարոն վարչապետը նախօրեին ասուլիսի ընթացքում անդրադարձել է  այդ թեմային,  ավելացնելու բան չունեմ»,- արձագանքեց Ն. Բաղդասարյանը։

Մեր դիտարկմանը, որ այսօր է Արման Թաթոյանը գրառում արել հրավերի մասին, նա պատասխանեց. «Պարոն Թաթոյանը  կարող է ամեն օր տարածի։ Երկու օր առաջ ասուլիսում ասել էր, այսօր կրկնել է, կարող է կրկնի վաղը, մյուս օրը, հաջորդող օրերին։ Բայց վարչապետի պատասխանը երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցում եղել է, դրան ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Արման Թաթոյանն ասուլիսում ասել էր. «Ես Փաշինյանին հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ, թող գա, տեսնեմ ինչպես է այդ հարցերին պատասխանելու, թող նախկինից խոսա, ներկայից խոսա, բայց ես նախընտրելու եմ, իհարկե, երկրի ապագայից խոսել»։

Նախօրեին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, արձագանքելով Ա. Թաթոյանի հրավերին, Ն.Փաշինյանն ասել էր. «Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու  ցանկություն ունեցող  բոլոր քաղաքական ուժերի  բանավեճի հրավերը ի սկզբանե, էն գլխից ընդունել եմ, խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճենք»։

Ի դեպ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է պատրաստ բանավիճել Արման Թաթոյանի հետ. «Պատրաստ եմ Թաթոյանի և Սերժ Սարգսյանի հետ բանավիճել: Մի կողմից իրենք երկուսով, մյուս կողմից` ես մենակ:

Ցանկացած օր, ցանկացած տեղ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder