Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ կարողանում լացել կամ ուրախանալ. Հոգեբանը բացատրում է՝ ինչը կարող է հանգեցնել հուզական սառնության
Վերջին տարիներին հոգեբանները հաճախ են անդրադառնում մի երևույթի, որն ավելի ու ավելի նկատելի է տարբեր տարիքի մարդկանց շրջանում․ հույզերի նվազումը կամ դրանց արտահայտման դժվարությունը։ Երբ ցավը չի արտահայտվում, իսկ ուրախության զգացումն ունենալ չի ստացվում, մարդը սկսում է կտրվել սեփական ապրումներից։
«Մեկ-մեկ ինձ թվում է՝ ես անսիրտ մարդ եմ դարձել։ Օրեր առաջ հարազատ մարդու հոգեհանգստի ժամանակ մի կաթիլ արցունք չհոսեց աչքերիցս, բայց ես շատ էի ցավում կատարվածի համար։ Գնալով հասկանում եմ, որ ես որպես մարդ չեմ ապրում։ Ես չեմ կարողանում ուրախանալ, չեմ կարողանում լացել, սիրել՝ առավել ևս չեմ կարողանում։ Կարծես ռոբոտի նման գնում եմ աշխատանքի, գալիս եմ տուն, կողքից ամեն ինչի հանդեպ կորցրել եմ հետաքրքրությունս»,-ֆեյսբուքյան խմբերից մեկում այս թեմայով մեծ քննարկմանը գրել էր օգտատերերից մեկը։
Խնդրի մասին ահազանգել էին բազմաթիվ մարդիկ՝ նշելով, որ հույզերը արտահայտելը աստիճանաբար ավելի դժվարացել է։
«Հարևանի, բարեկամի մահ տեսա։ Ներկա բոլորը պանիկայի մեջ լացում էին, խառնվում իրար, իսկ ես առանց էմոցիայի, հանգիստ, նույնիսկ դաժան ձևով իրավիճակի տերն էի՝ առանց խուճապի։ Չգիտեմ… Կցանկանայի հոգեբանական վերլուծություն, քանի որ ինձ էլ է զարմացնում ու վախեցնում այդ վիճակը»,- նշում է քննարկման մասնակիցներից մեկը։
Հույզերի զգալու և արտահայտելու դժվարությունը տարածված խնդիր է, որը կարող է անդրադառնալ ինչպես առօրյա կյանքի, այնպես էլ հարաբերությունների վրա։ Panorama.am-ը այդ երևույթի պատճառների և այն հաղթահարելու հնարավոր ուղիների մասին զրուցել է հոգեբան Ժենյա Վարդանյանի հետ։
«Նման իրավիճակ կարող է առաջանալ, երբ մարդը հուսալքված, թևաթափ եղած է կամ ունի չհասկացվածության զգացում։ Դա էլ իր հերթին առաջանում է որոշակի սթրեսների, տրավմատիկ փորձառությունների հետևանքով, որոնք կուտակվում են ու բերում պարփակվածության, հուզական սառնության։ Կարող է առաջանալ ինքնամեղադրանք կամ մեղադրանք շրջապատի նկատմամբ, ինչից էլ կարող է ձևավորվել պարփակվածություն, շփման ցանկության բացակայություն։ Սա նաև կախված է մարդու խառնվածքից։ Մելանխոլիկ խառնվածքով մարդիկ ավելի հաճախ են պարփակվում»,-նշում է Վարդանյանը։
Հոգեբանի խոսքով՝ կան մասնագիտական մի շարք հնարքներ ու մոտեցումներ, որոնց շնորհիվ հնարավոր է բացահայտել, արդյոք տվյալ երևույթը խառնվածքային առանձնահատկությո՞ւն է, թե՞ կոնկրետ խնդրի հետևանք։ Վարդանյանը խորհուրդ է տալիս նման անհանգստություններ ունենալու դեպքում դիմել մասնագետի, քանի որ այսպիսի դժվարությունները կարող են հանգեցնել լուրջ խնդիրների՝ ընդհուպ ինքնավնասման, սուիցիդալ մտքերի կամ գործողությունների։
«Մասնագիտական տարբեր մեթոդներ կան, որոնց շնորհիվ մասնագետը կարող է օգնել այցելուին խնդրի լուծման հարցում․ թերապևտիկ մեթոդներ, խորհրդատվություն, կոգնիտիվ թերապիա և այլն։ Այցելուի հետ դեմ առ դեմ խորհրդատվությունը կարող է շատ օգտակար լինել»,- ընդգծում է Վարդանյանը։
Երբ մարդն ունի մտերիմներ, որոնց հետ կարող է խոսել ու կիսվել մտահոգություններով, դա նույնպես կարող է օգտակար լինել, հավելում է հոգեբանը։
Անդրադառնալով հույզերը կառավարելու ու ինքնաճանաչմանը նպաստող անհատական մեթոդներին՝ Վարդանյանը նշում է, որ կան տեխնիկաներ, որոնց կիրառման դեպքում կարելի է հաղթահարել խնդիրը։
«Տվյալ դեպքում շատ կարևոր է ընդունել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա, կամ փոխել զբաղմունքը, անցնել մեկ այլ գործողության, ֆիզիկապես հանգստանալ, անել փոքր փոփոխություններ՝ օրինակ, մեկ սենյակից մյուսը տեղափոխվել։ Պետք է բացառել ժխտական ձևակերպումները՝ «չեմ կարող», «չի ստացվի»։ Երբ ինքնագնահատականն ընկնում է, շատ կարևոր է վերականգնել սեփական ուժերի հանդեպ հավատը»- ասում է հոգեբանը։
Այդպիսի իրավիճակների համար Վարդանյանը խորհուրդ է տալիս նաև զարգացնել հուզական ինտելեկտը հատուկ վարժությունների միջոցով։
«Սա ոչ միայն անհրաժեշտության դեպքում է կիրառվում․ շատ երկրներում գործատուներն աշխատակիցների համար ներդնում են հուզական ինտելեկտը զարգացնող ու սթրեսակայունությունը բարձրացնող տեխնիկաներ»,- նշում է նա։