2025 թվականի առաջին ինն ամիսներին 0–4 տարեկան երեխաների շրջանում գրանցվել էր 207 մահ. Անուշ Պողոսյան
Քաղաքական
20:35 30/11/2025
Հայաստան

2025 թվականի առաջին ինն ամիսներին 0–4 տարեկան երեխաների շրջանում գրանցվել էր 207 մահ. Անուշ Պողոսյան

«2024 թվականի առաջին ինն ամիսներին 0–4 տարեկան երեխաների շրջանում գրանցվել էր 184 մահ, իսկ 2025 թվականին նույն ժամանակահատվածում մահերի թիվը հասել է 207-ի՝ ավելանալով 23 դեպքով»,-168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները։

Նրա խոսքով մահացությունների գերակշիռ մասը մինչև մեկ տարեկան երեխաներն են և 2024-ին այդ ցուցանիշը 153 էր, իսկ 2025-ին հասել է արդեն 169-ի՝ 16 դեպքով ավել:

Անուշ Պողոսյանն ասաց, որ  Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները կրկին աճել են՝ ի հակադրություն միջազգային միտումներին, որտեղ շեշտը դրվում է վաղ մանկության մահացության նվազեցման վրա։

Նրա խոսքով՝ այս թվերն անհնար է բացատրել ո՛չ սոցիալական վիճակով, ո՛չ տնտեսական դժվարություններով, ո՛չ էլ միայն պատահարների կամ թունավորումների դեպքերով։ Խնդիրը խորապես համակարգային է, և հստակ երևում է մանկաբուժական ծառայությունների կազմակերպման, հասանելիության և կառավարման բոլոր մակարդակներում։

«Միայն Գյումրին ունի մանկական վերակենդանացման և տեղափոխման ծառայություն: Այսօր ամբողջ Հայաստանի տարածքում միայն Գյումրին ունի երեխայի տեղափոխման և/կամ վերակենդանացման մասնագիտացված բրիգադ։ Մնացած բոլոր ծանր դեպքերում շտապ օգնությունը պետք է հասնի Երևանից՝ անցնելով տասնյակ և երբեմն՝ հարյուրավոր կիլոմետրեր»,- ասաց Պողոսյանը:

Վերջինս նկատեց՝ արդյունքում՝ կորչում են արժեքավոր րոպեներ, հաճախ լինում են կանչերի ուշացումներ՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, իսկ երեխայի վիճակը բերում է ամբողջական կախվածության ընդամենը մեկ ծառայության աշխատանքից։

«Գոյություն ունեն դեպքեր, երբ ծանր վիճակում երեխաներին Երևան են տեղափոխել՝ առանց անհրաժեշտ սարքավորումների, համապատասխան մոնիթորինգի կամ մասնագիտացված թիմի։ Նման տեղափոխումները հաճախ ավարտվում են ողբերգությամբ»,-նշեց Անուշ Պողոսյանը:

Ընդգծելով, որ Հայաստանում մանկաբույժների և նեոնատոլոգների սուր պակաս կա՝«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահն նշեց.

«Հայաստանում մանկաբուժությունը տարիներ շարունակ մնացել է ամենաքիչ գրավիչ մասնագիտություններից։ Արդյունքն ակնհայտ է․ մարզերում մանկաբույժների իրական պակաս, երիտասարդ բժիշկների արտահոսք՝ համակարգից դուրս, ցածր մոտիվացիա և ծանրաբեռնվածություն։ Երբ չկա տեղում մասնագետ՝ ոչ մի կենտրոնացված համակարգ չի կարող փրկել իրավիճակը։ Կազմակերպչական և կառավարման լուրջ բացեր կան: Մանկաբուժական ծառայությունների կառուցվածքը վերջին տարիներին չի անցել որևէ խորքային, համակարգային բարեփոխում»:

Պաշտոնական տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ մահացության աճը պայմանավորված չէ տնտեսական թուլությամբ, բնակչության կենսապայմաններով կամ պատահարի դեպքերի ավելացմամբ։ Մահվան դեպքերը սերում են հենց առողջապահական համակարգի ներսում առկա խոշոր թերություններից՝ անհավասար հասանելիություն, մասնագետների պակաս, ղեկավարումից բխող չկազմակերպվածություն, մարզերի անտեսում, և կենտրոնացվածության պատճառած սահմանափակումներ։

Այս բոլորը միասին ստեղծում են միջավայր, որտեղ երեխաների կյանքը հաճախ կախված է լինում ոչ թե բժշկական գիտելիքից կամ տեխնիկական հնարավորությունից, այլ… հասցնելուց»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder