Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քանի դեռ ես հոգևոր ասպարեզում կամ, քանի դեռ Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու. Արշակ Սրբազան
«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը»,-այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա խոսքով, մինչդեռ նրա քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ։
«Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում։ Մենք հարմարվենք մեր թշնամիներին կոնցեպտին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիններ»,-ասաց Արշակ Սրբազանը՝ այն որակելով անհեռանկարային ու անհեռատես քաղաքականություն, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ։
Մայր աթոռի դիվանապետն ընդգծեց՝ քանի դեռ ինքը հոգևոր ասպարեզում կա, քանի դեռ Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, այդպիսի մոտեցում չի լինելու։
Նա նշեց, որևէ եկեղեցականի դեմ հակակրանք, ատելություն չունի։
«Հայտարարությունը ստորագրած որևէ եկեղեցականի վերաբերյալ անձնական բնորոշումներ տալ չեմ պատրաստվում։ Պատշաճ էլ չեմ համարում անդրադառնալ այն թեմաներին, որոնց վերաբերյալ մամուլում տարբեր տեսակի հրապարակումներ եղել են։ Անկախ նրանից, թե որ եկեղեցականն անձնական ինչ վերաբերմունք ունի իմ նկատմամբ, ես որևէ մեկի նկատմամբ անձնական թշնամանք, հակակրանք չունեմ։ Հիմա եթե մեկը անձնական հակակրանքի պատճառով կարող է կատարել մի գործողություն, որը քիչ չէ, քան դավաճանությունը, կարծում եմ՝ նա մեծ պրոբլեմ ունի։ Դա ընդամենը պատրվակ է, արդարացում»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով, իր նկատմամաբ հակակրանքի պատճառով, օրինակ, մարդիկ կարող էին «Հայր մեր»-ը չարտասանել, խռովել Աստծուց։
«Է, թող խռովեին։ Եթե իմ նկատմամբ հակակրանքն իրենց խռովեցնելու է Աստծուց, ինձ թվում է, դա ավելի շատ բնորոշելու է իրենց, քան թե ինձ։ Աստված իրենց հետ»,-ասաց Մայր Աթոռի դիվանապետը։