Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա հարված էր մեզ սատար կանգնող, մեր մեջքին կանգնած Կաթողիկոսին ու եկեղեցուն. Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի թեմի առաջնորդի ու Փաշինյանի հանդիպման մասին
«Միանշանակ, մենք արձանագրել ենք, որ Վրթանես Սրբազանը չի կարող այլևս առաջնորդել Արցախի թեմը, չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Վրթանես Սրբազանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։
Նա նշեց, որ իր մոտ նման դիրքորոշում ձևավորվել է ստացած բազմաթիվ զանգերի ու հանդիպումների ընթացքում։
«Կարծում եմ՝ լուծումներ տալուց հոտի որոշմանը պետք է ականջալուր լինել, քանի որ միանշանակ՝ ինքն այլևս չի առաջնորդելու անկախ նրանից՝ կշարունակի՞ մնալ Արցախի թեմի առաջնորդ է, թե՞ ոչ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Ըստ նրա, Վրթանես Սրբազանը, հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճանաբար վերաբերվեց խելամիտ հատվածի նկատմամբ. «Ըստ էության, թիկունքից հարված ենք դիտարակում Կաթողիկոսին ու Մայր Աթոռին, որը միակ կառույցն էր, որը պահպանեց արցախյան կառույցը՝ թեմը։ Գարեգին Երկրորդի նկատմամբ ճնշումների, ագրեսիվ վերաբերմունքի պատճառներից է նաև այն, որ Արցախի թեմը չլուծարեց, քրիստոնեական բոլոր միջազգային կառույցներում, հարթակներում Կաթողիկոսը, հոգևորականները բարձրացնում են արցախիցների Արցախ վերադառնալու իրավունքը, բավականին լուրջ գործընթաց են իրականցնում։
Սա հարված էր մեզ սատար կանգնող, մեր մեջքին կանգնած իրականում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Փաշինյանի հետ հանդիպմանը բացի Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից, մասնակցել են՝Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Այդ հանդիպումից հետո՝ նոյեմբերի 29-ին, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպեղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում»։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այլևս որևէ բացատրություն իրենց չի հետաքրքրում։
«Նույնիսկ եթե առաջարկ, պահանջ լինի հանդիպել, հենց մեր առաջ կանգնած բացատրություն տա, գերակշիռ մասը չի մասնակից, չի հետաքրքրվի, չի ուզի լսել, այդ թվում և ես։ Մեզ այլևս հետաքրքիր չէ որևէ պարզաբանում։ Իր այդ պարզաբանման մեջ որևէ խելամիտ միտք չկար, որ գոնե փոքր-ինչ կթեթևացներ իրավիճակը, հակառակը՝ ժողովուրդն ավելի է բարկացել։ Ավելի լավ կլիներ լռել, քան որևէ հայտարարություն աներ։
Ես՝ որպես թեմի անդամ, բացարձակ կարիք չունեմ որևէ պարզաբանում լսել, քանի որ ունեմ իմ կայուն, հստակ որոշումը՝ Արցախը դավաճանաբար հանձնողի, հազարավոր զոհեր մեզ «պարգևածի» ձեռքը սեղմողը չունի արդարացում, պարզաբանում տալու»։
Մ. Հակոբյանը չգիտի՝ ինչը կարող է ստիպած լինել Վրթանես Սրբազանին գնալ այդ քայլին։
«Տարբեր են դիտարկումները՝ մի մասն ասում է Փաշինյանն իր բնույթին համապատասխան կոմպրոմատների, ճնշումների, վախեցնելու միջոցների է դիմել։ Ընդունում եմ, որ դա կարող է լինել, բայց արդարացում չէ։ Մեզ հենց հոգևոր հայրերն են սովորեցնում՝ Աստծո արդար, ճշմարիտ ուղով պետք է գնալ, չտրվել որևէ ճնշման, նույնիսկ կոմպորմատի դեպքում, եթե այդպիսին կա։ Դուք ունեք առաքելություն։ Եթե ուղղակի արդեն ծանր էր այդ բեռը կրելը, ավելի լավ էր տարբեր պատճառաբանություններով հրաժարվել այդ առաքելությունը կրելուց, քան նման ձև պահել։ Արցախի թեմի առաջնորդն իրավունք չուներ իրեն նման կերպ պահել, նույնիսկ եթե նման պահվածքի որևէ պատճառ կա, ևս արդարացում չէ»։
Մ. Հակոբյանն ասաց, որ իրենք այսքան ժամանակ երբևէ չէին բարձրաձայնել այն հանգամանքը, ավելորդ սրություն չտալու համար, Վրթանես Սրբազանի առաջնորդությունը պատերազմից հետ այդպես էլ, ցավոք սրտի, չեն զգացել արցախցիները։
«Ծանր ժամանակահատվածում, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, Սրբազանն Արցախում չէր, ողջ ընթացքում չի եղել Արցախում, այն դեպքում, երբ, իրոք, թեմը դրա մեծագույն կարիքն ուներ։ Չնայած մեր հոգևորականներն ամեն կերպ այդ բեռն իրենց վրա տարել են, զգացել ենք այդ ծանր օրերին իրենց աշխատանքը։
Երբ արցախցին պետք է իր բնօրրաներից դուրս գար, այդ ժամանակ էլ իր ժողովրդի հետ չէր։ Շատերն էին ասում՝ Սրբազանը պետք է առջևից, ժողովուրդը իր հետևից գնար, ինչն էլի տեղի չունեցավ և այդպես էլ պարզաբանում չտրվեր, թե ինչու այդ ողջ ժամանակահատվածում Արցախի թեմի առաջնորդն Արցախում չէր»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ եկե՞լ էր Երևան ու չէ՞ր վերադառնում, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Ըստ մեզ հասած լուրերի, ոչ իր պարզաբանմամբ, այդպես է եղել։ Գիտենք, շրջափակման ժամանակ եթե կար ցանկություն, ապա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս էին, նույնիսկ Արցախի պաշտոնյաները, որևէ խնդիր չէր լինում»։
Նա նշեց, որ տեղահանումից հետո էլ, երբ արցախցիների մեծ մասը հաստատվեցին Հայաստանում՝ ժողովուրդը, քաղաքական գործիչները, հասարակական հատվածը ցանկացած գործընթաց իրականացնելուց առաջ դիմում էին Սրբազանին՝ առաջնորդարանում, իր օրհնությունը ստանալու, սխալ ուղու դեպքում ճիշտ ուղին ցույց տալու համար։
«Ցավոք սրտի, որևէ անգամ մենք չունեցանք այդ առաջնորդությունը նաև տեղահանումից հետո։ Մենք բազմիցս զգացել ենք, որ Սրբազանն ուղղակի խուսափում էր թեմի հետ լինելուց ոչ թե քաղաքական գործընթացներում, քանի որ մենք երբևէ նման առաջարկ չէինք էլ արել իրեն, թույլ չէինք տվել ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում։
Անկեղծ ասած, մենք, հաշի առնելով այն հանգամանքը, որ ամեն դեպքում Սրբազանը Աստծո ծառան է, բոլոր գործառույթները Կաթողիկոսի որոշմամբ պետք է տեղի ունենան, ի տարբերություն այս իշխանության, մենք մեզ երբևէ թույլ չենք տվել, հիմա էլ թույլ չենք տալու, ճնշում գործադրել Կաթողիկոսի, Մայր Աթոռի վրա՝ որևէ պահանջներ դնելով, քաջ գիտացելով, որ Կաթողիկոսն ինքը պետք է որոշում կայացնի ինչպիսի վերաբերմունք ցույց տա»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։