Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նման հիմար հարցեր շատ կան, ու եթե այս հարցը տվողին փոքր ժամանակ, գոնե մտովի, կարելի էր պատասխանել մատը քունքի մոտ պտտելով, հիմա նույն որակի հարց՝ «գործարան, թե դպրոց» ակտիվ քննարկում էին համացանցում։ Իրենք հնարել են ընրությունը՝ «և»-ը փոխելով «թե»-ի, իրենք էլ բորբոքվում են։
Ընդհանրապես, ժամանակի խնդիր է դարձել և-ը կամ-կամ-ով փոխելը, խնդիրը մանրելը, համեմատել բոլոր անհրաժեշտները։ Սա «չարյաց փոքրագույնի» տրամաբանական զարգացումն է։
Միայն թե իշխանությունների հայակործան քաղաքականությունը կամ-կամ-ով չէ. Հետևողական ու ջանասիրաբար համ-համ է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր նախկին պաշտոններում փակեց մարզային բուժկենտրոնները, կորոնավիրուսի ալիքի վրա հիվանդությունից մահացածների թիվը հանեց համաշխարհային «բարձունքներ»։
Հիմա նոր ուժով կպել է թոշակների չբարձացմանը, նաև՝ 3-րդ+ և 5-րդ+ ծնված երեխաներին տրվող 1 մլն և 1.5 մլն դրամ նպաստները նվազեցնում է 500 հազար դրամի, փոխարենը այլ՝ «50 հազարանոց մեխանիզմ» առաջարկելով։ «Կրթության մայրիկը» ետ չի մնում իր օպտիմալացման օպերացիաներով՝ ըստ Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3, Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5, ընդհանուր՝ Սյունիքի մարզում նախատեսվում է «օպտիմալացնել» 47 դպրոց։
Ինչպես են պատկերացնում աշխատանքի հայրիկն ու կրթության մայրիկը նման քաղաքականությամբ ապահովել ծնելիության աճ, ծնողների՝ աշխատանքով ապահովում, որպեսզի գյուղերում, մարզերում նախ աշխատող ծնողներ լինեն, որպեսզի կարողանան ապրել, հետո՝ երեխաներ ունենալ ու դպրոցներ ուղարկել՝ ... անհասկանալի է։ Կամ՝ լրիվ հասկանալի է։
Մի ամիս առաջ սոցիալական ցանցերում 7,8 տարեկան աղջնակների համար հագուստ էին հավաքագրում քաղաքացիները, որովհետև երեխաները ամենատարրական՝ ռետուզ անգամ չունեին, որ հագնեին ու գնային դպրոց։
Անահիտ Ոսկանյան