Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի օրոք պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեև թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որևէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, և դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որևէ բժշկական փաստաթղթի։ Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։
Հայտը՝ մեկ, փոխհատուցումը՝ միանգամայն ուրիշ։ Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝
- Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
- Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։
Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել և փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որևէ ապացույց՝
- ոչ անձնավորված տվյալներ,
- ոչ ծառայություն ստացողներ,
- ոչ ուղեգրեր,
- ոչ բժշկական հրամաններ։
Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։
Հրամանի 6-րդ կետում նշվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ենթամիջոցառումներում չփոխհատուցված ծառայությունների վարձատրություն։ Բայց վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ այդ ծրագրում չփոխհատուցված ծառայություններ ընդհանրապես չեն եղել. մատուցված բոլոր ծավալները 2020-ին արդեն լիովին փոխհատուցվել էին։
Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման և բյուջետային սահմանափակման սկզբունքներին։
Փաստերը հուշում են պարզ ու մտահոգիչ հետևություն. 71,8 մլն դրամի գումարը հատկացվել է առանց փաստացի հիմքի, առանց էլեկտրոնային հաշվառման, առանց ծառայություն մատուցելու ապացույցի։ Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաև կառավարման լուրջ խախտում է, որը գրանցվել է այդ օրերին նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք և պահանջում է վերահսկողական մարմինների ուշադրություն և իրավական գնահատական։
Առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմտեին այս հրապարակումը ընդունել ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում, որի շրջանկներում պատրաստակամ ենք ներկայացնել առավել մանրամասներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։