Իսպանիայում աֆրիկյան ժանտախտի դեպքերի հետևանքով Հայաստանում խոզի միսը կէժանանա՞
Տնտեսություն
12:45 02/12/2025
Հայաստան

Իսպանիայում աֆրիկյան ժանտախտի դեպքերի հետևանքով Հայաստանում խոզի միսը կէժանանա՞

Իսպանիայում վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել։ Վիրուսը, որը վերջին անգամ Իսպանիայում արձանագրվել էր 1994 թվականին, հայտնաբերվել է Բարսելոնայի մերձակայքում  վեց վայրի վարազների մոտ։

Հիշեցնենք, որ աֆրիկյան ժանտախտը վիրուսային բարձր վարակելիություն ունեցող հիվանդություն է։ Այն թեև մարդկանց համար վտանգավոր չէ, բայց առանձնանում է խոզերի դեպքում բարձր մահացությամբ։ Տարածվում է անմիջական շփման, վարակված սննդի  (խոհարարական մնացորդներ), հագուստի, որոշ տզերի  ու այլ միջոցներով։ Հիվանդության տարածումը կանխվում է խիստ կարանտինային միջոցառումներով, վարակված խոզերի սպանդով և տարածման ճանապարհների խզմամբ։

Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում չբացառեց,, որ Իսպանիայում հիվանդության տարածումը կարող է բերել Հայաստանում խոզի մսի գնի անկման, պետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ միսը չներկրվի Հայաստան։ 

«Տարբեր երկրներից արդեն արգելել են ժանտախտով վարակված լինելու հավանականությամբ խոզի մսի ներմուծումը,։ Մսի գինը Իսպանիայում բավականին իջնելու է, և հայ գործարարները կարող է փորձել ներկրել այն, ինչը լուրջ վնաս կհասցնի տեղացի  ֆերմերներին»,- նշեց Մնացականյանը։ 

Նրա խոսքով՝ թեև Աֆրիկյան ժանտախտը մարդու առողջությանն առնչվող լուրջ ռիսկեր չի առաջացնում, բայց վարակված մսի ներկրումը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել հայաստանյան խոզաբուծարանների համար։

«Եթե նույնիսկ վարակված չլինի միսը, նման էժան մսի ներկրման դեպքում հայ ֆերմերային տնտեսությունները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։ Պետությունը նախապես պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի. կա՛մ որոշակի դժվարություններ ստեղծի ներկրման հետ կապված, կա՛մ արգելք դնի, ինչպես շատ երկրներ արդեն արել են»,- ասաց Մնացականյանը՝ ընդգծելով, որ օրինակ, ԱՄՆ-ն և Կանադան արդեն իրենց ներկրողներին նամակ են ուղարկել ու հորդորել հոկտեմբերի 17-ից հետո մորթված միս չներկրել։  

Նշենք, որ հայաստանյան խանութներում խոզի միսն այսօր վաճառվում է 2500-4500 դրամի սահմաններում։

ՊԵԿ հրապարակած վիճակագրության համաձայն, Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում առավել մեծաքանակ խոզի միս է ներկրել Բրազիլիայից՝ 1576 տոննա, Ռուսաստանից՝ 2433 տոննա, Ղազախստանից՝ 329 տոննա, Բելառուսից՝ 277 տոննա։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Իսպանիայից խոզի միս չի ներկրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիայում աֆրիկյան ժանտախտի դեպքերի հետևանքով Հայաստանում խոզի միսը կէժանանա՞