ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը
Իրավունք
14:51 02/12/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը նշանակված է այսօր ժամը 15:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում։ Դատավորը Աշոտ Հովհաննիսյանն է։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Արցախի Նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման միջնորդություն։ Դասագրքում Ս. Շահրամանյանին վերագրվող տեղեկությունները՝ հատկապես ԼՂ լուծարման մասին հրամանագրի ստորագրումը պաշտպանը զրպարտչական ու կեղծ է որակում։

«Դատալեքս»-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։




Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը