Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը
Հասարակություն
12:46 03/12/2025
Հայաստան

Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:

Նոյեմբերի 3-ից Տեր Թադեի ու նախկին հոգևորական Տեր Տարոնի՝ Վարդան Հունանյանի հարցը օրակարգում էր, Տեր Տարոնը նոյեմբերի 6-ին կարգալույծ հռչակվեց, իսկ Տեր Թադեի մասով որոշումն ուշանում էր։ Հիշեցնենք՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder