Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննչականն ինքը հերքում է այդ հոդվածը. փաստաբանը՝ Արշակ Սրբազանին առաջադրված մեղադրանքի մասին
«Չկա նման աբսուրդ բան, այսքան աբսուրդ չի լինում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ արդեն ծանոթացել է Սրբազանին առաջադրված մեղադրանքին ու կալանավորման համար ներկայացված միջնորդությանը։
Նա հիշեցրեց, որ Արշակ Սրբազանին մեղադրում են թմրամիջոցների իրացման համար. «Խոսքն այն մասին է, թե իբր Սրբազանը 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիաներից մեկի ժամանակ հանձնարարել է ինչ-որ մեկին ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնել, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսում է այստեղից։ Ապօրինի թմամիջոցների իրացման հոդվածը, որն արագ մեղսագրվեց, որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Քննչականը հենց ինքն արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, քանի որ նպատակը եղել է ոչ թե թմրամիջոց իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը։
Եթե, օրինակ, վերցնենք, ինչ նկարագրել են, պատմել են, ներկայացրել են, ամբողջությամբ անգամ ճիշտ լիներ, ապա այդ արարքն այստեղ գոյություն չունի։ Որևէ մեկն ինձ չի կարող համոզել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացման նպատակով հանցագործությունը կապ ունի այստեղ նկարագրված գործողությունների հետ։ Չէր կարող լինել իրացման նպատակ։ Իրանք են գրում, որ նպատակը ոչ թե իրացնելն է եղել, այլ ինչ-որ անձի վարկաբեկելը։ Սենց զավեշտ չկա»։
Բաբայանը նշեց, որ նպատակը պարզ է՝ Արշակ Սրբազանին ուզում են վերագրել վատ արարքներ. «Սրբազանը մի քանի օր է ասում է՝ տեսագրությունը կեղծիք է, իր հետ առնչություն չունի, սա էլ է կեղծիք, իր հետ առնչություն չունի»։
Փաստաբանը նշեց, որ 2018-ին է «դեպքը» եղել, ինչ-որ մեկի պայուսակից գտել են թմրամիջոց, հարցաքննություններ են իրականացվել, որոշ անձիք դիրքորոշում են հայտնել, որ դա կարող էր կազմակերպել դիվանապետը՝ Արշակ Սրբազանը։ Այս գործով վերջին գործողությունը եղել է 2025 թ. հուլիսին, իսկ դեկտեմբերի 4-ին Արշակ Սրբազանը ձերբակալվել է։
«Սենց զավեշտ չկա։ Այս ժամանակագրությունը ինքնին վկայում է, թե երբ է քաղաքական իշխանությունը հանձնարարել, որպեսզի Սրբազանի նկատմամբ իրականացվի քաղաքական հետապնդում՝ պայմանավորված իր հայացքներով, հայտարարություններով։ Սա մեր երեք Սրբազանների կալանավորման շարունակությունն է»,- ասաց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»։
Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դատական նիստը նշանակվել է ժամը 09։30-ին։