Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ ապացույցի, կարելի է հանգել հետևության՝ Ազատի կացարանում վառարան չպետք է լիներ. Տուժողների շահերի ներկայացուցիչ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, ներկայացվում են գործով առկա ապացույցները։
Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասաց, որ ապացույցներից մեկով հիմնավորվում է հետևյալը՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմին 2022-2023 թվականների ձմռանը կացարանի ջեռուցումը ապահովելու համար որևէ վառելիք, վառելանյութ չի հատկացվել, ընդգծվում է, որ, ըստ երևույթին, կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական տաքացուցիչների միջոցով։
«Այստեղից կարելի է հանգել հետևության, որ տվյալ կացարանում այդ ձմռանն ընդհանրապես վառարան չպետք է լիներ, որևէ վառելիք ու վառելանյութ նախատեսված չի եղել։ Ես կարող եմ հանգել հետևության, որ եթե իսկապես իրականացվեր էլեկտրական ջեռոցների միջոցով և այդ վառարանը չլիներ, հնարավոր է, որ այս ողբերգությունն էլ տեղի չունենար։ Դրանից կարելի է հանգել հետևության, որ կամ վաշտի հրամանատարի, կամ ծառայության պետի, կամ պատասխանատու սպաների, կամ իրենց վերադասների ինքնագլուխ գործունեության հետևանք է եղել այդ կացարանում վառարան տեղադրելը կամ ավելի բարձր հրամանատարության հանձնարարությունը, հակառակ դեպքում ստացվում է հետևյալը՝ որևէ իրավական նորմի կամ որևէ հրամանի բացակայության պայմաններում այդ կացարանում վառարան է տեղադրվել և ապահովվել է այդ եղանակով ջեռուցում։
Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է, եթե պետք է վառարանով ապահովեր, վառելանյութ հատկացվեր, ինչու չի հատացվել 2022-2023 թվականների ձմռան ամիսներին տաքացնելու նպատակով և եթե չի հատկացվել, այլ հարց է առաջանում՝ 5 լիտրանոց բենզիններն ինչի՞ համար էին հատկացվել, ինչ պատճառաբանությամբ, եթե այս տեղեկանքի համաձայն կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական ջեռոցներով»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։