Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպիսի «հռչակ» ունի «աշխարհառչակ» ճարտարապետ Վիլմոտը. նա ներկայացրել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկ
Նախօրեին Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինի 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ հագեցած նոր ցուցասրահներով։ Կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով։
Պայմանագրի կնքման ժամանակ ունեցած ելույթում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես ասել է. «Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին՝ խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար»։
Ավինյանի այս հայտարարությանն արձագանքել է Սարգիս Գյուրզադյանի թոռնուհին` Մարիամ Գյուրզադյանը. «Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ, որ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը այս հարցի վերաբերյալ։ Մենք պնդել ենք և շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։
Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող ա որևէ կշիռ ունենալ։
Ու հա, փառք Աստծո, որ պապիկս էս ամեն ինչը չի տեսնում»։

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 21-րդ նիստում նախօրեին քննարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կասկադ» համալիրի (հանրապետական նշանակության հուշարձան) վերակառուցման էսքիզային առաջարկը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով գործընթացի նախապատմությունը, նշել է՝ տարբեր էսքիզային առաջարկների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել: Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակով հանրային քվեարկություն է իրականացվել ներկայացված առաջարկների շուրջ. հաղթել է քննարկվող «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած լավագույն կառույցներից մեկի` «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը ներկայացրել է ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը, որը քննարկվող էսքիզի հեղինակն է:

«Մեծ պատիվ է Երևանի համար այս նախագիծը ներկայացնելը: Հաշվի առնելով հուշարձանի պատմական արժեքը՝ ճարտարապետորեն շատ զգուշորեն ենք մոտեցել աշխատանքին՝ չխաթարելով ի սկզբանե մտածված լուծումները, որոնք նախատեսվել էին հեղինակի կողմից: Այդպիսով, նոր համալիրը պահպանում է հուշարձանի ոճային տրամաբանությունը»,- ասել է ճարտարապետը՝ ընդգծելով, որ նախատեսվում է տարածքի կանաչապատում:

Նա ներկայացրել է էսքիզային նախագծով առաջարկվող աշխատանքները, ճարտարապետական լուծումները, իրականացվող փոփոխությունները, մասնագիտական մոտեցումները և այլն՝ ընդգծելով նաև ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի աշխատանքների կարևորությունը գործընթացում:
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը գրում է. «Իհարկե, անիմաստ է ժամանակ ծախսել Կասկադի զարգացումների վերաբերյալ ինչ-որ բան ասել, ամեն ինչ պարզ է։
Ուղղակի ասեցի մի քիչ նյութեր դնենք, իմանանք «աշխարհառչակ» ճարտարապետ Վիլմոտն ինչպիսի «հռչակ» ունի։ Նրա հռչակն ուղիղ հարաբերական «արևմտամետ» ու քարից հաց քամող իշխանական ու արամսարգսյանական մուտիլովկաներին»։

