Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չէի ցանկանա, որ մեր արվեստի դաշտն այսպիսի լարվածություններ ունենա. Նկարիչների միության նախագահ
«Պետության հանձնառությունն է արվեստագետին ամեն կերպ աջակցել ու ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք կխթանեն ստեղծարարությունն ու ստեղծագործականությունը, որոնք նոր հնարավորություն են ոչ միայն անհատի համար, այլև պետության՝ մրցակից լինելու միջազգային հարթակներում»,- սա մի հատված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձից՝ Նկարիչների միջազգային օրվա առիթով։
Սակայն Նկարիչների միության անդամները, ինչպես նաև Գրողների միության անդամներն արդեն մեկ տարուց ավելի անհանգիստ են, մտահոգ, ինչի հետևանքով ավելի դժվարությամբ են ստեղծագործում։ Իսկ պատճառ այն է, որ գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։ Այժմ դատական գործընթացներ են տեղի ունենում։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու Նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 (Նկարիչների միություն) ու Բաղրամյան 3 (Գրողների միություն) հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի քննությանը Նկարիչների միությունը երրորդ կողմ է հանդես գալիս։
Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ դատավարությունը շարունակվում է, դատական նիստերը արդեն կկայանան 2026 թվականի ընթացքում։
«Այս ամենը Նկարիչների միության ընդհանուր գործունեության վրա բացասական է ազդում։ Չէի ցանկանա, որ այս ամենը տեղի ունենար։ Նկարիչներն շատ անհանգստացած են, հարցերի պատասխաններ են ուզում, օր առաջ ցանկանում են իմանալ՝ ինչ է լինելու ավարտը։ Չէի ցանկանա, որ մեր արվեստի դաշտն այսպիսի լարվածություններ ունենա»,- ասաց Ս. Սաֆարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ իրենք սերտ համագործակցում են ԿԳՄՍ նախարարության, կառավարության հետ, միասին տարբեր նախագծեր են իրականացնում։
«Նախարարությունն էլ է մտահոգված այս հարցով, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա։
Հույս ունեմ՝ ամեն ինչ ի նպաստ Հայաստանի նկարիչների միության կավարտվի»,- ասաց Ս. Սաֆարյանը։
Նկարիչների միության շենքը կառուցվել է 1959թ., որը նախատեսված է եղել հենց Հայաստանի նկարիչների միության վարչության և ցուցահանդեսների համար: Շենքի ճարտարապետական նախագծի հեղինակն է Ռաֆայել Իսրայելյանը: Հիմնադիրներն են՝ քանդակագործ Արա Սարգսյան, նկարիչներ Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան։