Արցախի մշակութային ժառանգության պահպանման առումով պետական կառույցները նույնիսկ տարրական տնային աշխատանքը չեն կատարում. Ս. Շահվերդյան
Քաղաքական
14:37 10/12/2025
Հայաստան

Արցախի մշակութային ժառանգության պահպանման առումով պետական կառույցները նույնիսկ տարրական տնային աշխատանքը չեն կատարում. Ս. Շահվերդյան

«Արցախում մնացել է 5658 մշակութային հուշարձան, որից 385-ը եկեղցիներ, 60-ը՝ վանքեր։ Պետք է փաստել, որ Արցախում մնացած մշակութային ողջ ժառանգությունը վտանգված է»,-Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հրավիրած լսումների ժամանակ հայտարարեց Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Բանախոսն ասաց՝ վնասված, ոչնչացված մշակութային հուշարձանների հստակ թիվ իր ձեռքի տակ չկա, ամեն օր, ամեն րոպե այն փոփոխվում է։

«Այս պահին երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը ևս ոչնչացվել է»,-ասաց նա։

Շահվերդյանի ուսումնասիրությունները թույլ են տալիս փաստելու, որ Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երեք ուղղություն ունի՝

1. Ամբողջությամբ ոչնչացում, երեք եկեղեցի այս պահին ոչնչացվել է

2. Այլափոխում

3. Սեփականաշնորհում։

«Ստեփանակերտ քաղաքում ոչնչացվել են մոնումենտալ բոլոր կոթողները, դրանք կիսանդրիներ են, արձաններ են, ցայտաղբյուրներ են և այլն։ Փաստացի Ստեփանակերտում չի մնացել մոնումենտալ արվեստի որևէ կոթող, ոչնչացվել են քաղաքի պատմական թաղամասերը, Ադրբեջանը դրանց տեղում կառուցել է իբր Հաղթանակի այգի։ Սրան զուգահեռ Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում այն գյուղերն ու քաղաքները, որտեղ երբեք ադրբեջանցիներ չեն ապրել։ Հիմա դրանց թիվը հասնում է մոտ մեկ տասնյակի»,-ասաց արցախցի գործիչը։

Նա ցավով փաստեց, որ մշակութային ժառանգության պահպանման, դրանց ոչնչացման կանխման, բարձրաձայնման հարցերով զբաղվում են միայն ՀԿ-ներն ու անհատները,  իսկ պետությունը որևէ գործուն միջոցներ ձեռնարկելու քաղաքականություն չի վարում։

«Բացի դրանից, չի իրականացվում տարրական տնային աշխատանք. արձանագրում փաստերի, տեղեկատվական բազաների ստեղծում, այս ոլորտը մնացել է բարձիթողի, միայն անհատների, գիտնականների, պատմաբանների ուսերին»,-ասաց Շահվերդյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder