Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ. Արամ Վարդևանյան
Իրավունք
12:45 12/12/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ. Արամ Վարդևանյան

«Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ, խայտառակ, մեղմ ասած ապօրինի, շինծու հետապնդման է իրականացվում»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ արդեն 177 օր Սամվել Կարապետյանը կալանավորված է։

«Ընդհանրապես, իրավաբանները, փաստաբանները կարողանում են  իրավիճակի վերաբերյալ պատշաճ բացատրություն ներկայացնել, խնդիրներին լուծումներ գտնել, իրականացնել շահերի պաշտպանություն, բայց դա չի կարող լինել միակողմանի երևույթ, դրա համար պետք է լինեն անհրաժեշտ  պայմաններ։ Սամվել Կարապետյանի գործով Հայաստանում անհրաժեշտ պայմաններն առկա չեն, Սամվել Կարապետյանի գործով  իրավունք, օրենք ընդհանրապես, չի գործում, Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է  իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է՝ քաղաքական հետապնդում, քաղաքական վրեժխնդրություն, փաստացի Հայաստանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան։

«Ինչո՞վ է այս ամենը հիմնավորվում։ 2025  թվականի հունիսի 17-ին Հայաստանի ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը, ով իր կարգավիճակով  պարտավորված է ապահովելու իրավունքի գերակայություն Հայաստանում, փոխարենը հրապարակավ ֆեյսբուքյան արդարադատության հիմքերը դրվեցին Հայաստանում և անշեղորեն կատարվում են։ Այս ամենը, մեղմ ասած, անարգանք է իրավունքի, օրենքի  նկատմամբ, անարգանք է իրավական պետության սկզբունքի նկատմամբ։

Հայաստանում հունիսի 17-ից մինչ օրս իրավական պետության սկզբունքը, որն ի թիվ այլնի երաշխավորում է, որ կալանքները չեն կարող լինել ապօրինի, դատարանները, քննիչները չեն կարող լինել անկախ, դատախազները  պետք է ապահովեն նախաքննության օրինականության հսկողության, բոլորը տապալված են։

Կարելի է վերցնել Քրեական դատավարության օրենսգիրքը, դնել Սամվել Կարապետյանի անունն ու փակել այն, քանի որ այն չի գործում 177 օր շարունակ»,- ասաց փաստաբանը։

Վարդևանյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի, ուներ բոլոր հնարավորությունները ցույց տալու, որ իր կողմից  ներկայացրած նախաբանն իրականության հետ առնչություն չունի։

Փաստաբանը նշեց, որ գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն գործում են համատեղ։

«Գործելով համատեղ՝ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված։ Բայց Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետև ՀՀ դատավորները կոնկրետ անուն-ազգանունով, որոնք պետք է հանդես գան պատվարժան դատարանի հիմքերից, չեն իրականացնում արդարադատություն։ Չեն իրականացնում արդարադատություն, քանի որ քաղաքական հետապնդում է,  ճնշման մթնոլորտ է, չեն կարողանում լինել անկախ... բազմաթիվ պատճառաբանություններ կարող են բերել, բայց կապ չունեն դրանք օրենքի հետ։ Դատավորներն ամենածանր ճնշման պայմաններում պետք է լինեն անկախ։ Սամվել Կարապետյանի գործով նման անկախություն ենթադրող, պահանջող դատավոր չի կարողանում լինել»,- ասաց Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի գործը լուսաբանվում է Հայաստանում, Հայաստանից դուրս, միջազգային ճանաչում ունեցող փաստաբաններ, իրավաբաններ, հանրային գործիչներ խոսում են այս գործի մասին։

«Ամենամեծ ցավն այն է, որ հետևանքը վրա է հասնում փաստացի Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ անձինք կատարում են կոնկրետ գործողություններ, հետևանքները լինում են կոլեկտիվ»,- ասաց Արամ Վարդևանյանը։ 

Նա ընդգծեց, թե ինչու էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել ու պահել կալանքի տակ. «Խնդիրներից մեկը թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի նկատմամբ կա ճնշման, նսեմացման, միջմտության ուղիղ քաղաքական որոշում։ Ազգային, բարերար Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր նման վարքագծին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder